կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին

Դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին

Մայիսի 26-ին Ճապոնիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ճապոնիայի ԱԳ նախարարության արարողակարգի ծառայության պետ Տադայուկի Միյաշիտային։ Այս մասին տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
 
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Տադայուկի Միյաշիտան արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ճապոնական կողմի պատրաստակամությունը հայտնելով՝ ամենայն աջակցություն ցուցաբերել գալիք նախաձեռնություններում:
 
Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել Ճապոնիայում Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել երկկողմ փոխգործակցության խորացմանը՝ առանձնապես կարևորելով քաղաքական երկխոսության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական, տեխնոլոգիական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը, զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը:
 
Երկուստեք ընդգծվել է նաև, որ կողմերը կիսում են ընդհանուր քաղաքակրթական արժեքներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը։

  • Կիսվել: