կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Դեսպան Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթ մի շարք հարցեր

Դեսպան Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթ մի շարք հարցեր

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Արսենյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների, հույս հայտնել, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը։

Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։ ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։

  • Կիսվել: