կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դեսպան Ենգիբարյանը ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Դեսպան Ենգիբարյանը ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ սննդի և գյուղատնտեսության նախարարության պետքարտուղար դր. Օֆելիա Նիքի (Ophelia Nick) հետ:
ՀՀ դեսպանը գերմանացի պաշտոնյային ներկայացրեց ս.թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:

ՀՀ դեսպանը կարևորեց Գերմանիայի՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առաջատար երկրներից մեկի և Հայաստանի՝ որպես փոքր, սակայն որակյալ արտադրանք մատակարարող երկրի միջև լավագույն փորձի փոխանակումը՝ այդ թվում ոլորտային մասնագետների փոխայցերի միջոցով:

Երկուստեք կարևորվեց Գերմանիայում պարբերաբար տեղի ունեցող ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը, գոհունակությամբ արձանագրվեց, որ Հայաստանը մասնակցել է այս տարվա մայիսին Դյուսելդորֆում կայացած գինիների ProWein և հուլիսին Նյուրնբերգում կայացած օրգանական սննդի BioFach ցուցահանդեսներին:

Գերմանացի պաշտոնյան տեղեկացրեց նաև կլիմայական փոփոխությունների համատեքստում ԳԴՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այս ոլորտում թվայնացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային մակարդակում շփումները շարունակելու վերաբերյալ:

  • Կիսվել: