ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեսպան Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

Դեսպան Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

Բրազիլիայի մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարողությանը ներկա են եղել նաև Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան, Բրազիլիայի նախագահի աշխատակազմի միջազգային հարցերով հատուկ վարչության պետ Սելսո Ամորիմը, Բրազիլիայի ԱԳՆ և նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը ողջույնի խոսքեր է փոխանցել ՀՀ նախագահից Բրազիլիայի նախագահին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին: Նախագահ Լուլան իր հերթին ողջույնի խոսքեր է ուղղել ՀՀ նախագահին և նշել, որ ուշադրությամբ հետևում է Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Արմեն Եգանյանը նաև գրառում է արել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:

  • Կիսվել: