Դեպի Ալեն Սիմոնյանն են ուղղվել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի «կամեռան» ու նույնիսկ Անտառայինի արագաչափը. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր մասին գրառմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ալեն Սիմոնյանը, ինչպես միշտ դիտավորությամբ նվազեցնելով իր անձի տիտանական դերակատարությունը Հայաստանի, չէ՝ տարածաշրջանի քաղաքական գործընթացներում, երեկվա իր տելեգրամյան գրառման մեջ համեստություն է արել. իրականում ոչ միայն իմ ճեպազրույցը լուսաբանող տեսախցիկները, այլև ԱԺ անվտանգության համակարգի տեսախցիկները, աստիճանների վրա սելֆի անող դպրոցականների այֆոնների տեսախցիկները, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի «կամեռան» ու նույնիսկ Անտառայինի արագաչափը՝ բոլորը նետվեցին անմահացնելու, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը ճաշարանից աշխատասենյակ քայլում, ես նույնիսկ կասեի ճեմում»։
Հիշեցնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում գրել էր. «Ուրեմն, Հայկ Մամիջանյանը ճեպազրույցա տալիս ու ասում. «Թող Ալեն Սիմոնյանը մտածի իր վարկանիշի մասին, երբ ժամանակը՝ գա մենք հարյուրներով, հարյուր-հազարներով կհամոզենք ՔՊ պատգամավորներին, ինչ վերաբերվում է ինձ, ես սովոր եմ բանակցել ուժի տեսանկյունից...»:
Այս վերջին բառերը նա ասում էր արդեն կադրից դուրս, որովհետև ես միջանցքով անցնում էի, և պարոն Մամիջանյանը մնաց առանց տեսախցիկի և բարձրախոսի, իսկ ճեպազրույցն ավարտվեց։
Պարոն Մամիջանյան, մի կրկնեք ձեր նախորդների սխալները, թե դուք, թե մնացած ընդդիմադիրներդ: Մի փոքր զուսպ եղեք: Նույնիսկ ձեր հարցազրույցը, ուր դուք խոսում եք վարկանիշներից և հարյուր-հազարներից, տևելու է այնքան, մինչև ես ճաշարանից դեպի իմ աշխատասենյակ քայլեմ»։