երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի ձեւաչափը․ Դավիթ Բաբայան

Անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի ձեւաչափը․ Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իսկապես երկար ժամանակ տարածաշրջան չեն այցելել։ Վերջին այցը տեղի է ունեցել 2019-ի վերջին, հետո դրան խանգարեց համավարակը, պատերազմը եւ կրկին համավարակը։ Բայց դրանք տեխնիկական խոչընդոտներ են։ Ավելի կարեւոր է, որ Ադրբեջանը փորձում է կանխել դա։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Ըստ ամենայնի, Ադրբեջանը փորձում է խոչընդոտել համանախագահների այցը տարածաշրջան կամ բարդացնել այցը։ Երեւանում կայացել է Արցախի նախագահի եւ ռուս նոր համանախագահի հանդիպումը։ Մենք բարձր ենք գնահատում հանդիպումը»,- նշեց նախարարը։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ այցը, այնուամենայնիվ, կկայանա` առավել եւս, որ դա ցանկանում են համանախագահները։

«Խոչընդոտներն Ադրբեջանն է ստեղծում: Վերջերս մենք տեսանք Ալիեւի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Բայց ես չեմ կարծում, որ համանախագահները շանտաժի կենթարկվեն»,- նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը հնարավորություն ունի իր դիրքորոշումը փոխանցել միջնորդներին։

Նախարարը հիշեցրեց, որ 2007 թվականին ադրբեջանական կողմը նույնպես փորձել է հասնել նրան, որ համանախագահները դադարեցնեն այցելություններն Արցախ։ Դա ձախողվեց, այցելությունները շարունակվեցին։ Ինչ վերաբերում է եռանախագահների տարաձայնություններին, Դավիթ Բաբայանի խոսքով, թեեւ համանախագահ երկրների միջեւ կան ակնհայտ տարաձայնություններ, բայց հենց միջնորդների միջեւ դրանք չկան, եւ նրանք համերաշխություն են ցուցաբերում Արցախի հարցում։

  • Կիսվել: