Հայտնի է Անանյանի հրաժարականի պատճառը. պարզաբանում է ՊԵԿ-ը
Տարաձայնությունը եղել է աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ եւ Դավիթ Անանյանը նախընտրել է ինքն անձամբ հեռանալ, քան թե ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին հեռացնի։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից։
«Աշխատանքից ազատման դիմում գրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել»,– ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ երեկ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՊԵԿ–ում սպասվող փոփոխությունների մասին․ նշելով․
«ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»,-նշեց նա:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել է Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չէին հակահամաճարակային կանոնները։«Վարչապետը պահանջել է ՊԵԿ նախագահից աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։ Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը՝ դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը ու ՊԵԿ նախագահն անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը»։


