կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դավաճան չի՛ եղել, դավաճանություն չի՛ եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ սահմանափակ ռեսուրսներով. ԱՀ նախագահ

Դավաճան չի՛ եղել, դավաճանություն չի՛ եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ սահմանափակ ռեսուրսներով. ԱՀ նախագահ

Հաղթանակը վերջնական չէր, պարտությունը ճակատագրական չէ: Այս մասին Մարտակերտի շրջանում իր հանդիպման ժամանակ շեշտել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, կարևորը քաջություն ունենալն է և շարունակել սկսված գործերը: «Այս երեսուն տարիների ընթացքում մենք ունեցել ենք թե հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, քանզի եթե մենք չենք կարողացել հաղթանակը վերջնականապես ամրագրել, ուրեմն այն ժամանակավոր հաջողություն էր, ունեցել ենք անհաջողություն, որը դեռ պարտություն չէ, եթե մենք կարողանանք վերագտնել մեզ և շարունակական աշխատանքով կառուցենք մեր սերունդների ապագան»,- նշել է ԱՀ նախագահը:

Նա շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ միայնակ հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ուստի ռուսական զորքերի առկայությունը տարածաշրջանում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական: «Եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, այսօր իրավիճակը շատ այլ կլիներ»,- պարզաբանել է ԱՀ նախագահը:

«Հնչում են տարբեր հիմար մեկնաբանություններ, հայտարարություններ, որոնք հնչեցնողները միտում ունեն իրենց վրայից պատասխանատվությունը թոթափել ու ամբողջ մեղքը այլոց վրա բարդել: Միանշանակ ուզում եմ ասել. դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ` սահմանափակ ռեսուրսներով:

Որևէ մեկի վրա հույս չդնեք, որ մեր երկիրը կփրկի, միայն մենք` այստեղ ապրողներս կարող ենք մեզ փրկել, մենք այլ բարեկամ չունենք: Ուստի պետք է շարունակենք աշխատել»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Այս առնչությամբ նախագահը հայտնել է, որ սկսվում է պատերազմից հետո ամենա մեծ ներդրումային ծրագիրը` Մարտակերտում 17.5 մեգավատանոց ՀԷԿ-ի կառուցումը` 25 մլն ներդրումային փաթեթով: «Եթե մենք այս ծրագիրը չիրականացնենք, ապա արդեն հաջորդ ձմռանը կունենանք հովհարային անջատումներ»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը:

Նա նաև հայտնել է, որ հաջորդ խոշոր ծրագիրը` Սարսանգի ջրամբարի հատվածում ևս մեկ հզոր ՀԷԿ-ի կառուցումն է` 25 մեգավատ հզորությամբ և 40-45 մլն ներդրումային ծրագրով:

«Քննարկման փուլում է Մարտակերտի ոռոգման ծրագիրը, մեկ-երկու ամսում վերջնական պատկերը պարզ կդառնա: Մինչև 2022 թվականի վերջ բոլոր գյուղերը ասֆալտապատվելու և սալապատվելու են: Բացի դրանից կառուցվում են երկու նոր ճանապարհներ` Վաղուհաս-Վանք և Ստեփանակերտ-Կիչան-Հոռաթաղ-Դամիրլո»,- հայտնել է Հարությունյանը:

Նա նաև հավելել է, որ լայնածավալ բնակարանաշինական ծրագրեր են իրականացվելու, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք իր բնակարանը ունենա: «Ընդհանուր 100 մլրդ դրամի բնակարանաշինական ծրագիր պետք է իրականացվի»,- հավելեց Հարությունյանը:

Միևնույն ժամանակ նախագահը կոչ արեց տեղերում էլ ակտիվ լծվել բնակարանաշինական ծրագրերին: «Իմ դպրոցական տարիներին, մենք 8-10 դասարաններում գրեթե դպրոց չենք հաճախել` շինարարությամբ էինք զբաղվում, ազատ տներն էինք վերանորոգում, որպեսզի Սումգայիթի ջարդերից մազապուրծ մեր հայրենակիցները բնակվելու տեղ ունենան: Հիմա մեր մեջ ինչն է փոխվել»,- հարցադրեց նախագահը:

Նա հավելեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու կրթության ոլորտին, սպորտի, մշակույթի զարգացմանը: «Մենք պետք է էնպիսի երկիր կառուցենք, որ այստեղ ապրենք ոչ միայն հայրենասիրությունից ելնելով, այլ որ Արցախում ապրելը լինի հպարտանալու առարկա: Մենք պետք է ընտրենք բարեկեցիկ երկիր կառուցելու մեր օրակարգը և շարժվենք դրանով»,- եզրափակեց ԱՀ նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: