երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դատավոր Դանիբեկյանի գործով մեղադրյալ Օհանջանյանն ազատ է արձակվել

Դատավոր Դանիբեկյանի գործով մեղադրյալ Օհանջանյանն ազատ է արձակվել

Մարտի մեկի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել: Դատավոր Վազգեն Ռշտունին բավարարել է վերաքննիչ բողոքը, և Վարդաշեն ՔԿՀ-ից Օհանջանյանը շուտով տուն կդառնա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավերապես, նշել է.

«Վատ եղանակային պայմանները` անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն!!! Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու!!! Sargis Ohanjanyan-ը այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»։

Իր հերթին Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում նշել է.

«Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Sargis Ohanjanyan-ին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարէկ Մութաֆէան-ը կլինի տանը»:

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանն, ինչպես նաև Նարեկ Մութաֆյանն, ովքեր ակտիվորեն մասնակցում էին ի աջակցություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին, սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։

Վերը նշված օրը դատավոր Դանիբեկյանը քայլելով գնալիս է եղել դեպի Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, ու նրանցից մեկը պարբերաբար հարցրել է, թե արդյոք դատավորը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Միջադեպի առթիվ ի սկզբանե քրեական գործ է հարուցվել դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, սակայն Մութաֆյանին ու Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով, որն ավելի խիստ սանկցիա է նախատեսում։

  • Կիսվել: