Դատարանի մոտից բերման ենթարկվեցին ակցիա անել պատրաստվող աղջիկներ, Գևորգ Պետրոսյանն էլ տուգանվեց
Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրում պատրաստվում են քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդագիր: Ծառուկյանը քիչ առաջ մտավ դատարանի շենք:
Մինչ նրա ժամանելը ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաև աղջիկների, ովքեր պատրաստվում էին ակցիա անել:
Դատարանի շենքի մոտ հավաքվել են Ծառուկյանի աջակիցները, այստեղ է նաև Արթուր Վանեցյանը:
Քիչ առաջ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տուգանվեց դիմակ չկրելու համար:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ պատճառներ ունի դիմակ չկրելու համար, առողջական խնդիրներ ունի, սակայն չի կարող մանրամասնել:
Պետրոսյանը նշեց, որ հիմա ստորագրում է, սակայն հետո վիճարկելու է ու ներկայացնելու է բոլոր փաստաթղթերը, որոնք կվկայեն առողջական խնդիրները:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։
«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։


