կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ

Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ

Վերաքննիչ քրեական դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսվեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացվել է թե դատախազության, թե տուժող կողմից:

Այսօրվա նիստին գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մինչ բողոքը ներկայացնելը, միջնորդություն ներկայացրեց ՍԴ դիմելու և քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Բաղդասարյանի խոսքով՝ նշված միջնորդությունն ուղիղ կապ ունի դատարան բերված վերաքննիչ բողոքի լուծման հետ, ուստի՝ անհրաժեշտ է նախ քննել միջնորդությունը: Նշենք, որ նմանատիպ միջնորդություն դատախազները ներկայացրել էին նաեւ առաջին ատյանի դատարանում, սակայն մերժում ստացել:

Դատախազի խոսքով՝ ՍԴ-ի որոշումն առաջացրել է որոշակի իրավակիրառ հարցեր: Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց տուժողի արդար դատաքննության իրավունքի, տուժողի շահերի պաշտպանության կապակցությամբ նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների մի շարք այլ հռչակագրերից դրույթներ ցույց տալու համար, որ տուժողներն ունեն Սահմանադրությամբ, կոնվենցիայով, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքներ, որոնց իրացման համար կան կառուցակարգեր գոյություն չունեն:

«Կոնկրետ սույն գործով մասնակցող տուժողներն ունեն արդար դատաքննության իրավունք, բայց հայտնվել են մի վիճակում, երբ ՍԴ-ի որոշումից հետո արարքին տրված ճիշտ իրավաբանական որակումը արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և այլևս չի գործում: Իրենց նկատմամբ կատարված արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի այլ նորմի, բայց տուժողները արդար դատաքննության իրավունքից չեն կարողանում օգտվել մեկ պարզ պատճառով՝ մեր Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը արձանագրում են ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո վարույթը պետք է բացառվի: Դրանով ակնհայտորեն վտանգված են տուժողների իրավունքները: Եվ առաջին ատյանի դատարանը արդեն կայացրել է այդ վտանգը պարունակող որոշումը և քրեական հետապնդումները դադարեցրել է, վարույթի այդ մասն էլ կարճել»:

Դատախազը ընդգծեց, որ ինքը միջնորդում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դիմել Սահմանադրական դատարան.

Գևորգ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ-ն այդ դիմումի քննարկման կամ չքննարկման արդյունքում կայացրել է մերժման որոշում: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով «կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։

  • Կիսվել: