երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները․ Վարդապետյան

Դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները․ Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հատկապես հանրային բարիքի, հայկական բանակի դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից:

Այս մասին վստահեցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հայաստանի դատախազն այսպիսով  շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության  գործընկերներին:

Սա նման ձևաչափով առաջին համատեղ աշխատանքն է: Վարդապետյանը վստահություն հայտնեց, որ փոխգործակցությունը լինելու է շարունակական և ապացուցելու է, որ արդյունավետ է:

Նա շնորհավորեց բոլոր դատախազներին, համակարգի աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

«Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների»,-ասաց Վարդապետյանը:

 Գլխավոր դատախազը նաև վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները՝ պետության և հանրային շահից, հանցանք կատարած, սայթաքած, բայց իրականում զղջած, իր արարքի հետևանքով պատճառված վնասը վերականգնած անձի նկատմամբ գթասրտությունից, մարդասիրությունից:

«Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, ովքեր կհանդգնեն ոտնձգել հանրային բարիքի, հայկական բանակի, հանրային առողջության, խոցելի խմբերի, անչափահասների դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից, զբաղեցրած պաշտոնից և ֆինանսական կարողություններից»,-ասաց Վարդապետյանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ազնվություն՝ հետահայաց գնահատական տալու անցած 105-ամյա պատմությանն, ու ունի հավատամք՝ ազնվաբար ծառայելու հանուն ներկա ու ապագա նպատակադրումների իրականացմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: