Դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդագրի և քննիչի դատարան ներկայացրած միջնորդագրի միջև կան հակասություններ․ Ծառուկյանի փաստաբան
ՀՀ Գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդագրի և քննիչի դատարան ներկայացրած միջնորդագրի միջև կան հակասություններ: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Որոշումը հայտնի կլինի հունիսի 21-ին՝ կիրակի օրը։
«Խնդիրն այն է, որ պաշտոնական կողմը բարձրացրեց հարց, և ակնկալում ենք դատարանից բարձր մակարդակով պատասխան՝ արդյոք քննիչը, այսինքն՝ միջնորդություն ներկայացրած անձը, դուրս չի՞ եկել ԱԺ ներկայացրած միջնորդագրի սահմաններից և ներկայացրել է այլ պայմաններ: Այդ պայմաններում, մեր կարծիքով և մեր համոզմամբ, այստեղ կա անձեռնմխելիության չհաղթահարված իրավիճակ, այսինքն՝ պարոն Ծառուկյանը, լինելով պատգամավոր, ունի երաշխիքներ։
Եթե պատգամավորը զրկվել է անձեռնմխելիության իրավունքից, չի նշանակում, որ նրան կարող են մեղսագրել նաև այլ հանցանքներ. միանշանակ չեն կարող: Ընդ որում, մենք բարձրացրինք հարցեր, որ նույնիսկ, եթե մեղադրանքի մեջ ձևակերպում փոխվի, այս դեպքում ԱԺ-ն պետք է տեղյակ լինի»,- ասաց փաստաբանը:


