չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դաշինքներ, վերադասավորումներ, պայմանավորվածություններ, ֆինանսներ. Հայաստանյան ներքաղաքական ներկապնակը հունիսյան ընտրություններին ընդառաջ

Դաշինքներ, վերադասավորումներ, պայմանավորվածություններ, ֆինանսներ. Հայաստանյան ներքաղաքական ներկապնակը հունիսյան ընտրություններին ընդառաջ

Թեև հունիսի20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարվեց միայն օրերս, դրա շուրջ անդրկուլիսյան բանակցությունները որոշ քաղաքական ուժերի և իշխանության միջև սկսվել էին ավելի վաղ:

Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ մարտի 18-ին, որից հետո էլ հայտարարվեց ընտրության օրը, InfoPort.am-ի իշխանական աղբյուրները հավաստում են, որ երկու գործիչների միջև բանակցությունները սկսվել էին շատ ավելի վաղ: Եվ չնայած այդ ողջ ընթացքում Հայրենիքի փրկության շարժումը, որի անդամ է նաև ԲՀԿ-ն, հայտարարում էր, որ չի գնա արտահերթի Փաշինյանի իշխանության օրոք, վարչապետի և Ծառուկյանի միջև ընդհանուր առմամբ արտահերթի անցկացման հարցում կոնսենսուս եղել է, քննարկման առարկա են դարձել զուտ առանձին դետալներ, մասնավորապես արտահերթ ընտրությունների ժամկետները, Ընտրական օրենսգրքի փոփոխել-չփոփոխելու հարցը:

Ընդհանուր հայտարարի գալով իշխանությունների հետ` ԲՀԿ-ն հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, ինչպես և նախկինում պնդելով, որ հանդես կգա ՀՓՇ-ից առանձին` իր կուսակցական ցուցակով: Նույնը, ինչպես և վաղօրոք ազդարարվել էր, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այս առումով, այս երկու ուժերի մասով նախընտրական անակնկալներ չկան:

Իսկ ինչպիսի վերադասավորումներ են սպասվում ՀՓՇ-ի այլ ուժերի շրջանում: Առաջինը ընտրություններին մասնակցելու հայտի մասին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը` նշելով, որ դեռ պարզ չի կուսակցության մասնակցության ֆորմատը` այսինքն միայնակ, թե դաշինքով հանդես կգա արտահերթին: Սակայն InfoPort.am-ի «Հայրենիք» կուսակցության աղբյուրները պնդում են, որ Վանեցյանը հակված է ընտրություններին միայնակ մասնակցի` իր սեփական կուսակցական ցուցակով: Միևնույն ժամանակ չի բացառվում այդ կուսակցության համագործակցությունը նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ, որի ղեկավարն է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, քանզի այդ երկու ուժերը կորդինացվում են մեկ կենտրոնից:    

ՀՓՇ այլ ուժերը, մասնավորապես բազմաթիվ «մարդ-կուսակցություններ», ինչպես նաև Հայ Հեղափոխական «Դաշնակցությունը» կմիավորվեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որը ավելի վաղ հայտարարել էր, որ արտահերթի դեպքում անպայման կմասնակցի և կհաղթի: Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին երկրորդ նախագահի թիմի իր աղբյուրները, նույնիսկ շրջանառվում է ապագա դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի անունները` Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Արփինե Հովհաննիսյան: Այնուհետև քաղական ուժերը ըստ հերթականության կառաջադրեն իրենց թեկնածուներին:

Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա այստեղ արտահերթին մասնակցելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, ամեն ինչ պարզ կդառնա ՀՀԿ խորհուրդի նիստի ժամանակ: ՀՀԿ-ում, ինչպես հայտնեցին մեր աղբյուրները,  արտահերթի մասնակցելու շուրջ միասնական կարծիք չկա, ոմանք սկզբունքորեն դեմ են Փաշինյանի իշխանության օրոք ընտրություններին մասնակցելու, ոմանք գտնում են, որ պետք չէ առիթը բաց թողնել, որովհետև կուսակցությունը, ըստ իրենց, ունի պոտենցիալ, որը պետք է ընտրություններին ռեալիզացնել: Այս տեսակետի կողմնակիցների պնդմամբ, ՀՀԿ-ն այսօրվա դրությամբ ունի շուրջ 20% էլեկտորատ: Թերևս այս հարցում որոշիչ կլինի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի խոսքը: Սակայն ըստ ՀՀԿ աղբյուրների կուսակցության դիրքորոշումը հրապարակային կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների անցկացման մասին որոշումը: 

Իսկ ինչ է կատարվում իշխող «Քաղաքացիական պայմանագրում»: Այստեղ արդեն լայն թափով սկսել են նախապատրաստվել արտահերթին, թերևս նախընտրական քարոզարշավի դե-ֆակտո մեկնարկը տրվեց վարչապետի Արագածոտնի մարզ այցելությամբ: Իշխող ուժից մեծ անակնկալների նախընտրական փուլում սպասել պետք չէ: Իսկ այ ընտրություններից հետո, հաղթանակի պարագայում իշխող ուժը ղեկավար պաշտոններում լուրջ փոխատեղումներ է նախատեսում: Մասնավորապես, ըստ ՔՊ մեր աղբյուրների, Ազգային ժողովի նախագահ կդառնա Տիգրան Ավինյանը, նրա փոխարեն փոխվերչապետի պաշտոնում կնշանակվի Սուրեն Պապիկյանը: Իսկ այ Արարատ Միրզոյանը որոշ ժամանակով հրաժեշտ կտա ակտիվ քաղաքականությանը: Պատճառը` ինչպես մեզ փոխանցեցին իշխանական մեր աղբյուրները, Միրզոյանի առողջական խնդիրներն են, ԱԺ նախագահը այդպես էլ վերջնականապես չի ապաքինվել հայտնի միջադեպից հետո: Ղեկավար պաշտոններում չեն լինի նաև Լենա Նազարյանը և իր ամուսին` Նարեկ Բաբայանը: Ասում են, վարչապետը խիստ զայրացած է նրանց վրա` Բաբայանի Պետգույքի կառավարման կոմիտեն ղեկավարելու ընթացքում թույլ տված լուրջ բացթողումների համար:

Այս օրերին բացի ավանդական ուժերից քաղաքական դաշտում ուրվագծվում են նաև նոր ուժեր: Մասնավորապես բանակցություններ են ընթանում «Հանրապետություն» (Արամ Զավենի Սարգսյան), «Միացյալ աշխատավորական կուսակցություն»  (Գուրգեն Արսենյան), «Հանուն հանրապետության» կուսակցության (Արման Բաբաջանյան) և Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության (Լևոն Շիրինյան) միջև` նախընտրական դաշինք ստեղծելու ուղղությամբ: Ըստ այդ ուժերին մոտ աղբյուրների` դաշինքի ցուցակում կընդգրկվեն նաև նախկին օմբուցմեն Կարեն Անդրեասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա` Միքայել Մինասյանի եղբայր, փաստաբան Գրիգոր Մինասյանը: Դաշինքի ձևավորվելու պարագայում, այն կգործի իշխող ուժի հովանու ներքո, թեև կարող է որոշակի ընդդիմադիր կեցված որդեգրել` մարտավարական նպատակներից ելնելով: Ըստ էության այս դաշինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրոեկտն է:     

Իր կուսակցությունն է բացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո): Կուսակցությունը կոչվում է «Ազգ, բանակ, հայրենիք»:

Մեկ այլ կուսակցություն էլ` «Միասնանական Հայաստան» անվանմամբ, բացում են «համապատասխան» գերատեսչությունների պաշտոնաթող  սպաներ: Ըստ շրջանառվող լուրերի, այս կուսակցությունը փորձելու է գործել թեև արտաքուստ անկախ, սակայն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծիրի ներքո:

Նոր կուսակցություններ հնարավոր է բացեն նաև հայաստանյան որոշ գործարարներ:

Ընտրություններին կմասնակցեն անշուշտ նաև այլ արտախորհրդարանական  կուսակցություններ:

Ինչ վերաբերվում է ֆինանսներին, ապա այս առումով հայաստանյան քաղաքական ներկնապնկակը բազմագույն չէ` այն քաղաքական ուժերը, որոնք գլխավորում են գործարարներ, կֆինանսավորվեն հենց նրանց կողմից: Քաղաքական ուժերի մի ստվար զանգվածի ֆինանսավորումը գալիս/գալու է ռուսաստանյան տարբեր աղբյուրներից` խոսքը մասնավորապես տարբեր մանր կուսակցությունների մասին է: Իսկ նորաստեղծ արևմտամետ դաշինքը, իր կազմավորումից հետո, ըստ ամենայնի կփորձի ֆինանսներ ներգրավել արևմտյան կառույցներից:

Նշենք, որ ըստ մեր ունեցած տվյալների, արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կացնեն գործող Ընտրական օրենսգրքով, քանզի այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանական երեք ուժերի միջև: Իսկ այս պարագայում ընտրություններին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայ Ազգային Կոնգրեսը:   

  

  • Կիսվել: