երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մանրամասներ՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության վերաբերյալ. Արամայիս Փաշինյանի հարցազրույցը

Մանրամասներ՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության վերաբերյալ. Արամայիս Փաշինյանի հարցազրույցը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հարցուպատասխանի ձևաչափով որոշ մանրամասներ է ներկայացրել Հանձնաժողովի կողմից կուսակցությունների տարեկան հաշվետվությունների, պարտադիր աուդիտի, կուսակցության պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի կայքում տեղադրված հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

- Կուսակցություններին առնչվող ինչպիսի՞ գործառույթներ և լիազորություններ են վերապահվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

- Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման, դրանցում առկա տվյալների արժանահավատության, ամբողջականության ստուգումը, կուսակցությունների ղեկավար մարմինների պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտն իրականացնող աուդիտորական ընկերությունների ընտրությունը, ինչպես նաև դրանց առնչվող խախտումների վերաբերյալ գործերի քննությունն ու լուծումը:

- Ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են ընտրվելու աուդիտորական կազմակերպությունները:

- Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսում ենք կուսակցություններից ստանալ նախնական տեղեկություններ, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե որ կուսակցություններն են ենթակա լինելու աուդիտի, իսկ դրանից հետո արդեն Հանձնաժողովը կկազմակերպի մրցութային գործընթացը, որն ամբողջովին բաց և թափանցիկ է լինելու։ Մրցութային հանձնաժողովի նիստերը հեռարձակվելու են, իսկ վերջնական հաղթողը ընտրվելու է վիճակահանության միջոցով: Մրցույթի կազմակերպման հետ կապված մյուս բոլոր հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշմամբ, որը քննարկվել է բոլոր շահագրգիռ անձանց հետ: Մասնավորապես, հանրային քննարկումներ ենք կազմակերպել ՀԿ-ների, աուդիտորական կազմակերպությունների, կուսակցությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց հետ: Այժմ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, և ուսումնասիրում ենք ստացված առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

- Արդյո՞ք բոլոր կուսակցությունների ֆինանսական հաշվետվություններն են ենթակա աուդիտի:

- Ոչ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում են, թե որ դեպքերում են կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ենթակա աուդիտի: Մասնավորապես, պարտադիր աուդիտի են ենթակա այն կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, որոնց մուտքերը կամ ելքերը գերազանցել են 25 մլն դրամը կամ որոնք ֆինանսավորում են ստացել պետական բյուջեից:

- Ե՞րբ պետք է կուսակցությունները հրապարակեն իրենց հաշվետվությունները թերթերում:

Տարեկան հաշվետվությունները թերթերում հրապարակելու օրենսդրական  պահանջ չկա: Գործող կարգավորումներով կուսակցությունները պետք է մինչև մայիսի 31-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am) հրապարակեն իրենց հաշվետվությունները և դրա հրապարակման փաստը հաշվետվության հետ միասին ներկայացնեն Հանձնաժողովին: Սակայն Հանձնաժողովը նախատեսել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով 2022 թվականի համար այդ ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը: Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից և այժմ գտնվում է ԱԺ-ում: Հաշվի առնելով օրենքով սահմանված վերջնաժամկետները, առաջարկվել է այն քննարկել արագացված ընթացակարգով: Այժմ սպասում ենք ներկայացված նախագծերը ԱԺ-ի նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն:

- Կա՞ որևէ ձևանմուշ, որով կուսակցությունները կարող են ներկայացնել իրենց հաշվետվությունները:

- Հանձնաժողովը արդեն ավարտին է հասցրել տարեկան հաշվետվությունների ձևանմուշի կազմման աշխատանքները, և առաջիկա շաբաթում նախատեսում ենք այն ներկայացնել կուսակցությունների ներկայացուցիչների քննարկմանը: Միաժամանակ դրա նախագիծը շրջանառության մեջ կդրվի e-draft հարթակում: Կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկում ենք հետևել մեր պաշտոնական կայքէջին և սոցիալական ցանցերի էջերին: Այն կուղարկենք նաև կուսակցությունների էլեկտրոնային փոստերին, քանի որ մեր վերջին հանրային քննարկման փորձը ցույց տվեց, որ անհատապես ծանուցման դեպքում առավել մեծանում է ներգրավվածությունը:

- Իսկ հայտարարագրման ի՞նչ պարտականություններ ունեն կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները:

- Կուսակցության ղեկավար մարմնի անդամները պարտավոր են ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագրեր: Ինչպես հանրային ծառայողների դեպքում է, կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք նույնպես պետք է ներկայացնեն պաշտոնը ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։ Մոտ օրերս Հանձնաժողովը կդիմի կուսակցություններին՝ ղեկավար մարմնի անդամների ցանկը ստանալու համար, իսկ ստացված տվյալները էլեկտրոնային համակարգ ներմուծելուց հետո յուրաքանչյուր հայտարարտու անձի կուղարկվի մուտքանուն և գաղտնաբառ, որի միջոցով մուտք գործելով համակարգ՝ կկարողանան լրացնել և ներկայացնել իրենց հայտարարագրերը:

  • Կիսվել: