ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դադարեցրե՛ք այս սարսափը, որի սև պտուղներից է հայ ժողովրդի դեմ ագրեսիան. Իտալիայի խորհրդարանի Alternativa խմբակցություն

Դադարեցրե՛ք այս սարսափը, որի սև պտուղներից է հայ ժողովրդի դեմ ագրեսիան. Իտալիայի խորհրդարանի Alternativa խմբակցություն

Իտալիայի խորհրդարանի Alternativa խմբակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի կապակցությամբ, որտեղ խմբակցության պատգամավորներն իրենց իշխանություններին հարց են ուղղում.

՛՛Արդյոք հեռացող իշխանությունը համարձակություն կունենա՞ խստորեն դատապարտելու այս ագրեսիան, թե՞ կլռի, որպես, փաստորեն, մեղսակից՝ ագրեսորների դիմաց կարմիր գորգեր փռելով՛՛։

Պատգամավորները նշել են, որ այժմ, երբ Իտալիան որոշել է անկախանալ ռուսական գազից՝ դրանից բխող տնտեսական աղետներով, Ադրբեջանն իր հանքավայրերով ածխաջրածինների կարևոր մատակարար է դարձել:

՛՛Հետևաբար, Ադրբեջանն ունի ավելի քիչ մրցակիցներ, և թվում է, թե նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ. փաստորեն մենք նվազեցնում ենք կախվածությունը Ռուսաստանից, այն կենտրոնացնում այլ պետությունների վրա, որոնք ռազմական ագրեսիա են իրականացնում։ Կա՞ն արդյոք ճիշտ հարձակումներ և սխալ հարձակումներ:

Այն, որ ԱՄՆ-ից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր բանակը թուրքականն է, որն աջակցում է Ադրբեջանին, միգուցե գործոն է, որի համար այս ամենը հանդուրժվում է։ Դադարեցրե՛ք այս սարսափը, վե՛րջ տվեք այս սարսափելի կեղծավորությանը, վե՛րջ տվեք արևելքից արևմուտք փոխադարձ մահվան և ավերածությունների այս ճարտարապետությանը, որի սև պտուղներից է հայ ժողովրդի դեմ այս ագրեսիան՛՛,-ասված է հայտարարության մեջ՞

 

  • Կիսվել: