երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները. Ադրբեջանի ԱԳՆ-ն` Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

Դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները. Ադրբեջանի ԱԳՆ-ն` Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական»։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում»,- ասվում է գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։

Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների՝ «հայրենի հողը» անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստում ներկայացնելու փորձը լիովին «անհիմն է»։

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: