Դա ճարահատյալ չի եղել, դա Հայաստանի հաղթանակն է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Պրահայի համաձայնագրի մասին
ՌԴ նախագահը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին թե 11-ին բազմաթիվ անգամ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս է, և նպատակը եղել է այդ չլուծված կարգավիճակը թողնել Հայաստանի վզին, դաշնակցային պարտավորությունները չկատարել և Ադրբեջանին որպես մահակ օգտագործել ու ՀՀ-ի վրա հարձակումները լեգիտիմացնել։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Պրահայի համաձայնագիրն է, որ համարվում է ՀՀ ինքնիշխանությունը ու անվտանգությունը ապահովող ամենավեջին ու հստակ փաստաթղթերից մեկը․ «Դա ճարահատյալ չի եղել, դա ՀՀ հաղթանակն է եղել, ՀՀ իշխանությունը կստորագրի յուրաքանչյուր փաստաթուղթ, որով ՀՀ ինքնիշխանության սահմանները ֆիքսվում են»։
Ինչ վերաբերում է ԼՂ էջը փակելուն, Սիմոնյանը նկատեց, որ ՀՀ իշխանությունը մինչև վերջին րոպեն «քթից արյուն գալով» և իրենից ամեն ինչ կտրելով՝ ԼՂ-ի համար արել է․ «Հաջորդ նպատակը ՀՀ-ի էջը փակելն է, պատերազմից հետո գալիս ասում էին՝ այսօրվա իշխանությունները չեն կարող բանակցել, Արցախի էջով փորձել են փակել Հայաստանի էջը։
Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախը ապագա ունենա, բայց Արցախի նորեկ իշխանությունները, որոնք ճնշմամբ Արցախի իշխանություններին հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին ու հանձնեցին, հետո նստեցին ուղղաթիռը ու փախան Հայաստան։ Հիմա եկել են այստեղ ու Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում ու փորձում են այդ մեղքը իրենց վրայից մաքրեն: Երկրորդը՝ ես կարծում եմ՝ արդեն այդ շենքի իմաստը պետք է նույնպես վերանայենք։ Կարծում եմ՝ այդ շենքը այլևս չպետք է նման բաների ծառայի, ես տենց եմ համարում»,- ընդգծեց ԱԺ խոսնակը: