երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ, նա այնտեղ վարձու աշխատող է․ վարչապետ

Դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ, նա այնտեղ վարձու աշխատող է․ վարչապետ

Այնտեղ, որտեղ կա կոռուպցիայի ռիսկ, չի նշանակում, որ պարտադիր կա կոռուպցիա։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոռուպցիայի ռիսկ տեսնում է, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընկերությունն էլ մեկ անձից գնման ընթացքակարգով պետական պատվեր է ստանում։

Վարչապետը, մասնավորապես, նշեց. ՛՛Չկա այնպիսի հրապարակում, որ ես մեր մարմիններին չհանձնարարեմ ստուգել։ Ասում են, որ դա Ազգային ժողովի նախագահի եղբոր ընկերությունն է։ Դա Ազգային ժողովի նախագահի ընկերությունը չէ, Ազգային ժողովի եղբայրն այնտեղ վարձու աշխատող է։

Ազգային ժողովի եղբայրն այն ժամանակ, երբ իր եղբայրն իշխանության ներկայացուցիչ չէր, կարող է այդ մարդն էլի բարձր վճարվող աշխատանք է ունեցել, որովհետեւ ինքը լավ մասնագետ է, լավ կառավարիչ է։ Կա՞ նախագծմամբ զբաղվող այդպիսի ընկերություն, որը կարող է ասել՝ ես ոչինչ չեմ կարող անել, ծանոթ չունեմ։ Բացառում եմ։ Դուք խոսում եք վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող ընկերության մասին, բայց չի ասվում, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ։ Հիմա ինչ-որ մեկին բերենք ասենք այս ճանապարհ նախագծի, կկարողանա՞ նախագծել։ Դա որակավորվա՞ծ աշխատանք է։ Եվ այդ ընկերությունը այդ մարդու նախարարի տեղակալ լինելու առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՝ չի ունեցել։ Այսօր Հայաստանում որակյալ նախագծող ընկերությունների մեծ խնդիր կա։ Կա՞ ընկերություն, որն ասում է՝ ես ավելի լավ առաջարկ էի ներկայացրել, ինձնից փող են ուզել, որ ես հաղթեմ ընտրություններում, եւ չեմ հաղթել՛՛:

Փաշինյանն ընդգծեց, որ երեք տարվա սկզբունքայնությունն ապացուցվել է, որ կոռուպցիայի որեւէ դեպք չի շրջանցվի։

Նա ասաց. ՛՛Ճանապարհաշինարակական ընկերությունները, այդ թվում՝ մեր քաղաքական հակառակորդներին պատկանող, այնքան պատվերներ ունեն, չեն հասցնում իրենց գործերն անել։ Այն հակառակորդների, որոնք ամեն օրը մեզ ամենավերջին բառերն են ասում, իրենց ընտանիքի անդամներն ամենախոշոր կապալառուներն են, որովհետեւ այդ մարդիկ մասնակցում են մրցույթին, որակով են գործ անում, մենք էլ այդ կարգի ընկերություններին փայփայում ենք։ Բոլորն էլ շահում են։

Եթե մամուլին նայեմ, տպավորություն կստեղծվի, որ Հայաստանում երկու մարդ կա, որոնք այս մրցույթները շահում են։ Եթե լսի էլ որեւէ մեկը նման բան, կարող է հայտարարել, որին կհետեւեն կոնկրետ գործողություններ՝ քրեական գործի հարուցում, ձերբակալում, կալանավորում, եթե իհարկե մեր դատարանը բաց չթողնի՛՛:

Վարչապետը ՛՛ատկատի՛՛ դեպքերի մասին էլ խոսեց՝ ասելով, որ ճանապարհաշինությամբ զբաղվող պետական հիմնադրամի աշխատակից է ձերբակալվել, հարկային աշխատողներ, ոստիկանության աշխատակիցներ եւս ձերբակալվել են։

  • Կիսվել: