CNF-ը նվիրել է երկու մեքենա եւ անօդաչու սարք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը, որը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային և արդյունավետ իրականացնելու գործին։
Համաձայն 2021թ կնքված փոխըմբռնման հուշագրի Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել 2 Լադա Նիվա Լեգենդ 4×4 կլասիկ մակնիշի ավտոմեքենա, ժամանակակից անօդաչու թռչող սարք և այլ տեխնիկական միջոցներ։
Հովհաննես Մարտիրոսյանը հյուրերին պարգևատրել է կրծքանշանով ու շնորհակալագրով։
Մեկ այլ համագործակցության շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակը՝ WWF Armenia-ն Տեսչական մարմնին է նվիրաբերել 2 անօդաչու թռչող սարք, որոնց միջոցով օդից հսկողություն կիրականացվի ջրային գոտիներում, անտառներում ու հատուկ պահպանվող տարածքներում։
ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N325–Ա որոշման համաձայն համապատասխան գույքը հատկացվել է ԲԸՏՄ-ին։