Չնայած առկա մարտահրավերներին՝ ՌԴ-ն շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը. Հարությունյան
Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը:
Այս մասին՝ այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի տեսաուղերձում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ հարցերին:
«Պետք է նշել, որ, ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է»,-մանրամասնել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է:
«Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից»,-ասել է երկրի ղեկավարը: