կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չնայած անցյալի պատերազմներին եւ ճգնաժամերին՝ մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն եւ հարատեւ խաղաղության կարիք ունի. Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Չնայած անցյալի պատերազմներին եւ ճգնաժամերին՝ մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն եւ հարատեւ խաղաղության կարիք ունի. Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Երեւանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը: ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող թեմտիկ քննարկմանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ թույլ տվեք միանալ Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին՝ ողջունելու բոլորիդ Երւանում: Ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանն իմ երկրում:

Վանկուվերի հռչակագիրը, որը մենք ընդունեցինք մի քանի ամիս առաջ, հստակ սահմանեց այն սպառնալիքները, որոնց բախվում է ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը, եւ կոնկրետ ազդակներ հղեց նրանց, ովքեր սպառնում են մեր անվտանգությանը: Սակայն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգությունը շարունակում էր վատթարանալ այս ամբողջ ընթացքում: Մեր տարածաշրջանը բացառություն չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները եւ ահազանգերը դաձել են դաժան իրականություն:

Խորհրդարանական այս հարթակի ստեղծումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է քննարումների առանցքային թեմաներից մեկը, եւ այդ քննարկումների էությունն այն է եղել, թե հակամարտության ինչպիսի լուծում կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը: Սիրելի՛ բարեկամներ, Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել, քանի որ, չնայած այս բոլոր քննարկումներին ու կոչերին, Ադրբեջանը միշտ էլ պատկերացրել է լուծման մի տեսակ, եւ այն ունի իր անունը՝ էթնիկ զտում՝ Լեռնային Ղարաբաղն առանց հայերի: Մենք բոլորս չկարողացանք կանխել սա:

Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած անցյալի պատերազմներին եւ ճգնաժամերին՝ մենք հաստատապես հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն եւ հարատեւ խաղաղության կարիք ունի: Դա պարզապես բարի ցանկություն կամ երազանք չէ: Հարավային Կովկասում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շատ ճշգրիտ բանձեւ ունի՝ բաց սահմաններ, գործող տրանսպորտային եւ կոմունիկացիոն կապեր, հարգանք միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, միջպետական սահմանների անխախտելիություն, ինչպես նաեւ հանդուրժողականություն եւ հարգանք միմյանց նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այժմ ճիշտ ժամանակն է այդ բանաձեւը կյանքի կոչելուն հնարավորություն տալու եւ այս տարածաշրջանում մարդկանց տառապանքները դադարեցնելու համար: Մենք անխոնջ աշխատում ենք այս ուղղությամբ եւ հրավիրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս ճանապարհին՝ «Խաղաղության խաչմերուկն» իրականություն դարձնելու համար»,- նշել է Սարգիս Խանդանյանը:

  • Կիսվել: