հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չնայած Ադրբեջանի մեկ տարուց ավել փորձերին՝ ներկայացնելու թե, ԼՂ հիմնախնդիրը այլևս գոյություն չունի, աշխարհը դրա հետ բոլորին համաձայն չէ․ Միրզոյան

Չնայած Ադրբեջանի մեկ տարուց ավել փորձերին՝ ներկայացնելու թե, ԼՂ հիմնախնդիրը այլևս գոյություն չունի, աշխարհը դրա հետ բոլորին համաձայն չէ․ Միրզոյան

Չնայած Ադրբեջանի մեկ տարուց ավել փորձերին՝ ներկայացնելու թե, ԼՂ հիմնախնդիրը այլևս գոյություն չունի, աշխարհը դրա հետ բոլորին համաձայն չէ: Այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի հարցին:

Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու ԼՂ հիմնախնդրով՝ նշելով, որ համանախագահները չպետք է  զբաղվեն հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, իրենք են լուծել: Պատգամավորը հետաքրքրվեց ՀՀ ԱԳ նախարարության պատասխանով:

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ, ինչն իհարկե խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը և ըստ այդմ բոլորի համար ընդունելի, լավ, նորմալ լուծումների փնտրտուքին և ամրագրմանը: Այդուհանդերձ, ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ: Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը: Իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ 1 տարուց ավել շարունակ մատուցվող դիրքորոշմանը, փորձերին՝ ներկայացնելու, թե ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ ԼՂ գոյություն չունի, այս 1 տարվա ընթացքում տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ»,-ասաց Միրզոյանը:

Նա հավելեց, որ հերթական ապացույցը կարելի է գտնել անցյալ տարվա դեկտեմբերին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա ԼՂ հիմնախնդիր և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով: «Սա միակ ձևաչափն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- եզրափակեց նախարարը:

  • Կիսվել: