ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին

Չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին

Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը, սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Նշենք, որ այսօր քննարկվում է Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումները պարզելու համար քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու մասին:

«Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու: Էն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին թեստեր դնելու համար, օրավարձով աշխատողներին տվեք։ Եվս մի քանի օր, և ես խանութից գողություն եմ անելու»,- ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերը ֆիքսելուն, պատգամավորն ասաց՝ իր համար դա նորություն չէ, բոլոր իշխանությունների ժամանակ իրեն գաղտնալսել են, ինքը պրոբլեմ չունի:

«Ասում եք՝ ով որ սմարթֆոն չունի, տալու ենք, լո՞ւրջ եք ասում, հիմա մեր բոլոր հայրենակիները կդիմեն, կասեն՝ սմարթֆոն տվեք: Ռիսկերի կանխարգելման առումով՝ ուշացել եք, ամենամեծ ռիսկը այստեղ է՝ 132 պատգամավոր մի քանի ժամ մի տեղ: Սա ոչինչ չի տալու, հետո, ո՞վ ասաց, որ մարդիկ պիտի հեռախոսով իրար հետ հանդիպեն, հանդիպումների մեծ մասը տեղի է ունենում էքսպրոմտ կամ այլ օգտահաշիվների միջոցով: Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել»,- ասաց նա՝ հայտնելով, որ դեմ են քվեարկելու այս նախագծին:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Պատգամավորի խոսքերով, նման նպատակների համար հսկայական գումար ծախսելու փոխարեն ավելի լավ է մտածել սոցիալական ծրագրեր իրականացնելու վրա:

 

  • Կիսվել: