երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել պետության հետ, որի կառավարությունը ոգեշնչվում է ձեզ հետ կապերը խզելու գաղափարով. Զատուլինը՝ Փաշինյանի մասին

Չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել պետության հետ, որի կառավարությունը ոգեշնչվում է ձեզ հետ կապերը խզելու գաղափարով. Զատուլինը՝ Փաշինյանի մասին

Փողոցային ցույցերով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին փոխել է դեմքը և ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ Փաշինյանն իրավապահ մարմիններն օգտագործում է ցուցարարներին ճնշելու համար, իսկ նրանք շարունակում են բողոքել:

«Փաշինյանը, կանգնելով ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունները, այլ նախևառաջ հենց Հայաստանի շահերը դավաճանելու այս ճանապարհին, մենակ թողեց հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում. հրաժարվեց նրանցից, ըստ էության թողեց նրանց, դավաճանեց: Տեղի ունեցավ հայերի գաղթ Լեռնային Ղարաբաղից: Այսօր նա Ադրբեջանի հետ սակարկում է բուն Հայաստանի տարածքը, որտեղ որոշ գյուղեր արդեն համարվում են վիճելի և պետք է փոխանցվեն Ադրբեջանին»,-ասել է Զատուլինը:

Նա անդրադարձել է նաև Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին և ասել, որ Փաշինյանն այս ամենին պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին մեղադրանքներով:

«Ինչ վերաբերում է այս իրավիճակում մեր պահվածքին... Պարոն Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում, որովհետև նա մեր նախագահի հետ հանդիպումից հետո առանց ամոթի վիրավորում է Ռուսաստանը, նրա վրա է բարդում իր բոլոր մեղքերը: Նա փորձում է հայ ժողովորդի ցասումն ուղղել դեպի Ռուսաստան»,-նշել է Զատուլինը՝ հավելելով, որ Մոսկվան պետք է հստակ հասկացնի, որ պարզ տեսնում է Փաշինյանի մտադրությունները:

«Իրականում չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել պետության հետ, որի կառավարությունը ոգեշնչվում է ձեզ հետ կապերը խզելու գաղափարով»,-իր խոսքը եզրափակել է նա:

  • Կիսվել: