ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չգնալ խաղաղության ճանապարհով, նշանակում է ուղղակի ունենալ այսպիսի սողացող պատերազմական իրավիճակ. Հակոբ Արշակյան

Չգնալ խաղաղության ճանապարհով, նշանակում է ուղղակի ունենալ այսպիսի սողացող պատերազմական իրավիճակ. Հակոբ Արշակյան

Հայաստանը միակողմանիորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում է այդ փաստաթղթի շրջանակներում, այսինքն՝ ճանաչվում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Թե արդյոք խաղաղութան պայմանագիրը, եթե կնքվի կլինի երկարատև՝ Արշակյանն ասաց. «Դա կախված է նրանից, թե ինչպիսի միջազգային երաշխիքներ կլինեն դրա շուրջ, բայց չգնալ այս ճանապարհով, նշանակում է ուղղակի ունենալ այսպիսի սողացող պատերազմական իրավիճակ, երբ հարցերը հստակ չեն, երբ պատասխանները հստակ չեն: Մենք չպետք է ունենանք մի իրավիճակ, երբ գնում ենք մի ճանապարհով, որը լուծում չի: Պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի պատճառը նաև Արցախի հարցն է և մեծապես Արցախի հարցն է: Այսինքն՝ դա չդիտարկել որպես մաս, կլինի, որ դու մասնակի ես լուծում այդ հարցը և դա հետագայում կարող է նորից բերել պայթյունի: Մենք իրականում հիմա ՀՀ-ում կարիք ունենք, որ թե՛ քաղաքացիները, թե՛ լրագրողները, թե՛ քաղաքական գործիչները, թե՛ քաղաքական ուժերն այս հարցերի մասին դատեն սառը գլխով, այսինքն՝ մենք կարիք ունենք, որ մեր գործողությունները չբերեն նրան, որ հուզականության մթնոլորտ տեղծվի, մենք չկարողանանք ճիշտը սխալից զատել»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ապստամբություն կազմակերպելու մասին հայտարարություններին՝ Արշակյանն ասաց. «Ես առաջարկում եմ, որ երբ մարդիկ ինչ որ մի տերմին են օգտագործում, պատասխանատու լինեն և դրա տակ ասեն, թե ինչ նկատի ունեն և եթե դա որևէ ապօրինի մեխանիզմ է, ես կարծում եմ, որ Հայաստանի իրավական համակարգն ունակ է և արդեն ապացուցել է, որ նման մեխանիզմներով առաջնորդվելու դեպքում, կստանան ուղիղ և համարժեք պատասխան»:

  • Կիսվել: