Չենք կարող խոսել մեծ նախագծերի մասին՝ անտեսելով Կովկասն ու Սևծովյան տարածաշրջանը. Լազար Կոմանեսկու
Սևծովյան տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք առանց բացառության վերաբերում են բոլոր երկրներին։
«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած «Հարավային Կովկասը որպես ռազմավարական հաբ. առևտրի և կապակցվածության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար, Ռումինիայի արտաքին գործերի նախկին նախարար Լազար Կոմանեսկուն։
«Վերջին տարիներին ականատես ենք լինում շատ բանավեճերի, որոնք առնչվում են գլոբալացման խնդիրներին, ինչպես նաև մարտահրավերներին ավելի արդյունավետորեն դիմակայելու հարցին։ Սրանց հետ են կապված գլոբալ զարգացումները, առավել ևս, եթե ցանկանում ենք, որպեսզի գլոբալ ինտեգրացիոն գործընթացները շարունակվեն։ Համընդհանուր գլոբալիզացիան շարունակվում է նոր պարադիգմայով, որն ուղեկցվում է թվային հեղափոխությամբ։
Երբ անդրադառնում ենք անկախության և փոխկապակցվածության խնդրին, կարևոր է նշել, թե երկրներն ինչպիսի դիմադրողականություն ունեն, և այդ հանգամանքը կապում է պետություններին։ Եթե նայենք աշխարհի քարտեզին, ակնհայտ կդառնա, որ Սևծովյան տարածաշրջանն առանցքային դերակատարություն ունի այդ փոխկապակցվածության առումով, ինչպես նաև էական նշանակություն՝ գլոբալ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այդ հանգամանքն ուժեղացնում է կապը Եվրոպայի և Ասիայի միջև։ Փաստորեն չենք կարող խոսել մեծ, այլընտրանքային նախագծերի մասին՝ անտեսելով Կովկասն ու Սևծովյան տարածաշրջանն ընդհանուր առմամբ»,- ասել է Կոմանեսկուն։
Նա հավելել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 33 տարի առաջ՝ բացառապես տարածաշրջանի երկրների ջանքերով՝ որպես համագործակցության հարթակ համատեղ ջանքերով գտնելու տնտեսական զարգացման ուղիներն ու միջոցները, ինչպես նաև համագործակցելու այլ տարածաշրջանների հետ։
«Տարիների ընթացքում մի շարք նախաձեռնություններ ուժեղացրել են փոխկապվածությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրանից դուրս։ Դա ստիպում է կենտրոնացնել մեր ուշադրությունն այնպիսի նախագծերի վրա, որոնք ուղղված են հաղորդակցության ուղիներն արդիականացնելուն և ընդլայնելուն, և պետք է նշեմ, որ Հայաստանը շատ ակտիվ է Սևծովյան տարածաշրջանին առնչվող նման նախաձեռնություններում»,- մանրամասնել է նա։
Խոսելով «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասին՝ նա նշել է, որ այն անցկացվում է երկրորդ անգամ, սակայն, նայելով պանելային քննարկումներին, զեկուցողների ցուցակին, ինչպես նաև քննարկումների համար ընտրված թեմաներին, կարելի է ասել, որ տվյալ համաժողովն արդեն կարևոր, առանցքային դերակատարություն ունի նման միջոցառումների համատեքստում։