Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց, դա խաղաղության բանակցությունները կմտցնի փակուղի․ Փաշինյան
Գաղտնազերծեց բառը այդտեղ տեղին չի, որովհետև ի՞նչը գաղտնազերծեց, թե ասում ենք՝ գաղտնազերծեց, նշանակում է ինչ-որ մի հատ գաղտնիք է բացվել, իսկ գաղտնիքը ո՞րն է, որ բացվել է։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը գաղտնազերծեց այն երեք բաց մնացած կետերը, որոնք Հայաստանի կողմից համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Մասնավորապես, Ադրբեջանը պահանջում է մեր սահմանադրության փոփոխություն, միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցեր չներկայացնել և Եվրամիության քաղաքացիական դիտորդների հեռացում Հայաստանից։
«Մենք ասել ենք, որ մենք բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հետ կապված հարցը չենք ներառել օրակարգում, և այդ առումով գաղտնազերծել բառը այդքան էլ տեղին չէ, բայց որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, դա հայտնի փաստ է:
Ադրբեջանը այդ հարցն ինչի՞ համար է բարձրացնում, որովհետև իրոք ունի մտավախություններ և մտահոգություննե, թե՞ դա բարձրացնում է խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար։ Մենք չենք ուզում առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում։ Դրա համար մենք հետևողականորեն փաստարկներով փորձում ենք այդ մտավախությունը փարատել»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ նկատեց, որ Հայաստանն էլ մտահոգություններ ունի և ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ. «Այստեղ հարց, բա այդ դեպքում ինչու՞ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունների հարց։ Երկու պատճառով, առաջինը դա կնշանակեր իրոք խաղաղության գործընթացը մտցնել փակուղի, և երկրորդը՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասում մենք ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը, այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։
Իսկ այդ պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված ուրիշ հատվածում արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա բերեց նաեւ երրորդ փաստարկը. «ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերը ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ:
Հիմա ենթադրենք, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են խաղաղության պայմանագիրը։ Կառավարությունը անխուսափելիորեն այդ պայմանագիրը պետք է ուղարկի ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ այդ պայմանագիրը մեր Սահմանադրությանը հակասում է, մենք ստիպված կլինենք կատարել ընտրություն՝ կամ փոխել Սահմանադրությունը, կամ հրաժարվել պայմանագրից:
Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը կորոշի, որ այդ պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը, այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա, որ պայմանագիրը գնա Ազգային ժողով և վավերացվի»,-ասաց վարչապետը: