Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա. Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնելու նախաձեռնության մասին
«Եվրաքվեի» դեպքում մի հատ հանգամանք կա, որը, ճիշտն ասած, մի քիչ ինձ համար անսպասելի է։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթեում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանում իմ ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. «Ինձ զարմցրեց, որ իմ այդ ելույթը սոցիալական ցանցերում ամենամեծ արձագանքը ստացած ելույթն է»,-ասաց նա:
Հարցին՝ ուզում եք ասել՝ այս հարցով հանրային կոնսենսուս կա, Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ համարձակվի ասել հանրային կոնսենսուս կա, որովհետև այդպիսի բան ասելու համար պետք է վիճակագրություն լինի դրա տակ դրված, բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա: Եվ ստացվում է, որ ըստ էության ես եմ այդ օրակարգը առաջարկել Հայաստանին և ԵՄ-ին: Հանրային արձագանքը այնքան պոզիտիվ էր, որ մենք առնվազն պետք է շատ լուրջ մտածենք:
Ես գիտեի, որ կհավաքվի 50 000 ստորագրություն այդ թեմայով: Շատ մեծ բան ունեմ, զգացում ունեմ, որ 300 հազար էլ կհավաքվի»:
Հարցին՝ ԱԺ-ն դեմ կքվեարկի, եւ անհրաժեշտ կլինի գնալ 300 հազար ստորագրություն հավաքելու ճանապարհո՞վ, Փաշինյանն ասաց. «Չէ, մենք այդպիսի որոշում չունենք, խմբակցության մակարդակով չենք քննարկել: Այստեղ մի քիչ պետք է նաև քաղաքական տրամաբանության մեջ նայել։ Եվրախորհրդարանում իմ ելույթից հետո Հայաստանում քննարկումներն ակտիվացել են, որոնք բերել են ստորագրահավաքիմ և որ նախագիծ է մտնում ԱԺ:
Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ ձևակերպումների շուրջ դեռ կա հնարավորություն աշխատելու, բայց շատ դժվար կլինի բացատրել, որ կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, դեմ լինի:
Մեզ կասեն՝ մի րոպե, դուք եկաք, այսպիսի բան ասացիք, ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք: Պատկերացրեք՝ պատասխանը լինի՝ այո։ Չկա այդտեղ քաղաքական տրամաբանություն: Այսինքն՝ կքննարկենք։ Ես իմ դիրքորոշումը արտահայտեցի»: