երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։

 

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝

 
  • արձակ
  • դրամատուրգիա
  • մանկապատանեկան գրականություն
  • պոեզիա

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև՝ 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթին պետք է ներկայացնել՝

«Արձակ» անվանակարգում

 
  • կամ 2 պատմվածք
  • կամ 2 էսսե
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որում անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):

«Դրամատուրգիա» անվանակարգում

  • 1 պիես

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

  • կամ 2 հեքիաթ
  • կամ 2 պատմվածք
  • կամ 2 պատկերազարդ պատմություն
  • կամ 10 բանաստեղծություն
  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որում անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):

«Պոեզիա» անվանակարգում

 
  • 10 բանաստեղծություն

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

Այն հայտերը, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն (անուն, նույնականացման որևէ տվյալ), չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

«Արձակ» անվանակարգ

  • Ալվարդ Սեմիրջյան
  • Անի Հովնանյան
  • Արքմենիկ Նիկողոսյան
  • Վանուհի Բաղրամյան

«Դրամատուրգիա» անվանակարգ

  • Անահիտ Արամունի Քեշիշյան
  • Նարինե Գիժլարյան
  • Սաթէ Խաչատրյան
  • Տաթև Հովակիմյան

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ

 
  • Լիլիթ Ալթունյան
  • Ռուզան Տոնոյան
  • Սաբեթ Հովհաննիսյան
  • Վարդուհի Բալոյան

«Պոեզիա» անվանակարգ

  • Անահիտ Հայրապետյան
  • Արփի Ոսկանյան
  • Հասմիկ Սիմոնյան
  • Ներսես Աթաբեկյան

Հայտերի գնահատման չափանիշները.

  • «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
  • «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
  • «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:
  • «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ), նամակին կցել լուսանկար (դիմանկար) և գրել հեռախոսահամար։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 15-ն է (ներառյալ)։

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 7-ին՝ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։

Փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

  • Կիսվել: