շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Չեմ աջակցում Հարավային Կովկասում Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողություններին․ Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում․ Սաքս

Չեմ աջակցում Հարավային Կովկասում Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողություններին․ Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում․ Սաքս

Ես բոլորովին չեմ աջակցում Հարավային Կովկասում Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողություններին, քանի որ այս տարածաշրջանը գտնվում է բազմաթիվ խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների միջև։ Այս մասին հայտարարել է ամերիկացի տնտեսագետ և պետական քաղաքականության ոլորտի վերլուծաբան Ջեֆրի Սաքսը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս տարածաշրջանին պետք է զգուշորեն վերաբերվել։ Սա Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջամտություն է, գունավոր հեղափոխություններ կազմակերպելու փորձեր, Ռուսաստանի խոցելի կետին կրկին հասնելու փորձեր։ Սա բավականին անկայունացնող իրավիճակ է, և այն բխում է ԱՄՆ-ից ու Եվրոպայից, մասնավորապես՝ հատուկ ծառայություններից՛՛:

Վերլուծաբանի խոսքով՝ Հարավային Կովկասը Եվրոպա չէ։ Հարավային Կովկասն սշխարհագրական առումով Ասիա է, և Եվրոպան պետք է հեռանա այնտեղից։

՛՛Խնդիրն այն չէ, որ Հարավային Կովկասը պետք է վատ հարաբերություններ ունենա Եվրոպայի կամ որևէ մեկի հետ։ Խնդիրն այն է, որ միջամտությունը շատ դժվար տարածաշրջանում գտնվող այս երեք անկայուն երկրների ներքին քաղաքականությանը պետք է իրականացվի ծայրահեղ զգուշությամբ և ակնածանքով, որպեսզի նրանք հերթական Ուկրաինայի չվերածվեն՛՛,-նշել է նա։

Սաքսը հավելել է, որ Ուկրաինան ՛՛վառվում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի տխմարության պատճառով՛՛, և նրանք փորձում են դա կրկնել Հարավային Կովկասում։

՛՛Հարցնող լինի՝ ինչու է Ադրբեջանը ներգրավված Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ, աջակցում Իսրայելին և Իրանի վրա նրա հարձակումներին։ Կատակո՞ւմ եք։ Դա անհավատալի է։ Եվ դա Կենտրոնական հետախուզական վարչության գործն է՝ այս տարածաշրջանը անկայունացնող այն հանճարների, ովքեր զանգվածային ճգնաժամ են ստեղծելու։

Ցանկացած տեղացի պետք է ասի. ՛՛Մենք Հարավային Կովկասում ենք։ Մենք մի քանի տերությունների միջև ենք։ Ավելի լավ է՝ միասին մնանք, քանի որ մեր ապագան տնտեսության և անվտանգության առումով այստեղ է։ Մենք չպետք է թշնամացնենք մեր հարևաններին։ Պետք է գտնենք մի ճանապարհ՝ դառնալու Ասիան և Եվրոպան կապող իրական միջին միջանցք և Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը կապող հյուսիս-հարավ միջանցք։ Եվ պետք է հեռու մնանք մեծ տերությունների քաղաքականությունից և, ի սեր Աստծո, չմիջամտենք Իսրայելի պատերազմներին՛՛։

Սա այն խաղն է, որն այս խիստ անկայուն տարածաշրջանում խաղում են ՛՛Մոսադ՛՛-ը, ԿՀՎ-ն և Եվրոպան՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: