հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Չէի ուզենա՝ աջակցության ծրագրերի հետ քրեական գործերի փաթեթներ ստանանք. վարչապետ

Չէի ուզենա՝ աջակցության ծրագրերի հետ քրեական գործերի փաթեթներ ստանանք. վարչապետ

Չէի ուզենա, որ աջակցության փաթեթների հետ կապված քրեական գործերի փաթեթներ ստանանք, տարբեր հավելագրումներ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների փոխհատուցման համար նախատեսված ծրագրին:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողովն աշխատանք արե՞լ է, որ հետին թվով գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակներ չավելանան:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ աջակցության տրամադրման համար կա պայման, որ հունվարի դրությամբ պետք է գյուղատնտեսական կենդանիները հաշվառված լինեն ծխամատյաններում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց՝ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են՝ որտեղ ինչ կորուստներ են եղել, և այդ հանձնաժողովների եզրակացությունները հանրապետական հանձնաժողովների ձեռքի տակ են:

«Մենք ասում ենք՝ ելակետը հանձնաժողովի եզրակացությունն է, դա ենք համեմատելու, տեսնենք՝ եթե այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրված է, գրանցված է նաև ծխամատյանում, ապա որոշված արժեքի 100 տոկոսն ենք տալու: Եթե այդ հանձնաժողովները արձանագրել են, գիտեն հարևաններով, որ տանը 2 խոզ է եղել, նայում ենք, տեսնում ենք, որ ծխամատյաններում գրանցված չի եղել, հաշվի առնելով, որ ծխամատյանում գրանցելու ավանդույթն ընդունված չէ, այդ դեպքում կեսը կտանք ամբողջ արժեքի»,- ասաց փոխվարչապետը:

  • Կիսվել: