հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Չե՞ք ուզում ԼՂ ժողովրդին ասեք՝ գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Չե՞ք ուզում ԼՂ ժողովրդին ասեք՝ գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

ՀՀ-ն շարունակելու է վարել բալանսավորված քաղաքականություն, բոլոր հարևանների հետ ունենալու է կարգավորված հարաբերություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության սուվերենության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և մեր ժողովրդի բարեկեցության ու խաղաղության: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր գործընկերների՝ իշխանության հասցեին հնչող քննադատությունների:

«Ինչե՞ր եք խոսում, ժողովուրդ ջան, և, ընդհանրապես, դուք դեռ խոսո՞ւմ եք: Դուք այն մարդիկ եք, որ հնարավոր բոլոր ստերը տարածեցիք խաղաղության համաձայնագրի տեքստի մասին: Տեքստը հրապարակված է, և այդ տեքստում ոչինչ չկա ձեր տարածած ստերի մասին»,- ասաց Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:

Դիմելով նրանց՝ ասաց՝ ինչու ներողություն չեն խնդրում ամբիոնից իրենց տարածած ստերի համար:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց՝ նա Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ստել է ժողովրդին: 

«Եկեք էստեղ ասեք ժողովրդին, որ դուք խաբում էիք, եթե չէիք խաբում, գոնե եկեք ասեք՝ մենք սխալվում էինք, որ խոսելու իրավունք ունենաք, հարց տալու լեգիտիմություն ունենաք: Որովհետև ոնց կարելի է 4 տարի գալ, ինչ սուտ ասես ասել, տեռորի ենթարկել մարդկանց՝ դեռ վերբալ ու հոգեբանական, հետո գալ սրբի դեմքով ինչ-որ ճշմարտություններից փորձել խոսել, որոնք բացարձակապես կապ չունեն որևէ ճշմարտության հետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, Հովհաննիսյանը նկատեց՝ ընդդիմադիրների արտահայտած մտքերը հակասում են միմյանց:

«Եկել ասում եք՝ վերադարձ: Ձեր առաջարկը ո՞րն է: Ձեր կողմից այս տեքստը ասելը ահավոր է, դուք մարդիկ եք, որոնք թույլ չեն տվել, որ ԼՂ հայ ժողովուրդը բանակցի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա ոչ թե վերադառնա, այլ մնա: Մնա ու չանցնի այս դժոխային վիճակի միջով, մնա իր հողում: Ինքնորոշում եք խոսում, խառը բաներ եք խոսում, էդ ամենի պայմանավորվածության հնարավորության դուռը դուք փակել եք Ղարաբաղի ժողովրդի համար: Չե՞ք ուզում Ղարաբաղի ժողովրդին ասեք՝ մենք գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար:

Ձեր կողմից իշխանական, պալատական հեղաշրջման հետևանքով լուծարվել է ձեր կողմից անդադար հիշատակվող Արցախի Հանրապետությունը: Լուծարել եք, դրոշները բերել, դրել եք էդտեղ, որ ի՞նչ: Ամաչեք Ղարաբաղի ժողովրդից, և Ղարաբաղի ժողովուրդը ձեզանից այդ պատասխանը պետք է ստանա»,-  դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Նա մարտահրավեր նետեց ընդդիմադիրներին՝ ասելով, թե այն տեքստերը, որոնք նրանք ասում են ԱԺ ամբիոնից, գնան ու ասեն ՀՀ քաղաքներում, մարզերում ու կենտրոնական հրապարակներում: 

  • Կիսվել: