Չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք. Գեւորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում անդչադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությանը՝ թե «առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ»։
Նա, մասնավորապես, գրել է․
«Մտածում եմ՝ չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք: Բրյուսովի պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ կմշակի ու տիրություն կանի: Չէ՞ որ մոշ աճեցնելու համար պարտադիր պետք ա անգլերեն իմանաս: Բա էտ մարդիկ հո իզուր չեն էսքան տարի անգլերեն սովորել։ Անգլերեն-մոշ, գերմաներեն-մալինա, իտալերեն-կաբաշկա, եբրայերեն-պետրուշկա… Արդեն անհնար է դիմանալ էս թատրոնին»։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր օտար լեզվի իմացությունը բոլոր մասնագիտությունների հարցում․
«Գալիս են իմ մոտ, ասում են՝ էրեխեն բարձրագույն կրթություն ունի։ Ասում եմ՝ քանի օտար լեզու գիտի։ Ասում են՝ ոչ մի։ Ասում եմ՝ ուրեմն ինքը չունի բարձրագույն կրթություն։ Որովհետև ժամանակակից աշխարհում ունենալ բարձրագույն կրթություն և գոնե 2 օտար լեզու չիմանալ, նշանակում է թերի, համալսարան գնացած-եկած լինեն։ Էսօր, փաստորեն, առանց անգլերենի մոշ աճեցնել հնարավոր չէ։ Առանց ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ։ ԵՏՄ շուկան է մեր ամենամեծ շուկան, դե պատկերացրեք՝ մարդ ռուսերեն չգիտի»։


