ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցեղասպանության ճանաչումը ՀՀ որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված պայման․ Ռուբինյան

Ցեղասպանության ճանաչումը ՀՀ որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված պայման․ Ռուբինյան

Հայկական կողմի ցանկությունն է հնարավորինս արագ ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, և դա առաջին հերթին սահմանի բացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասաց բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:  

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը հավելեց, որ ամեն ինչ կախված է կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից:  

Ռուբինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ենթադրում է սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում. «Առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը վերաբերում է նաև մյուս կողմին»:  

Ազգային ժողովի փոխնախագահը,  անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցին, շեշտեց, որ Ցեղասպանության ճանաչումը ՀՀ որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար առաջադրված պայման, և այս առումով ոչինչ չի փոխվել:  

Նա ընդգծեց, որ ինքը ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումը, իսկ հակառակ կողմից առկա են միայն մամլո հաղորդագրություններ, որոնցում ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների:  

Ռուբինյանը հավելեց, որ ՀՀ-ն ճնշումների տրվելով՝ երբեք չի հրաժարվելու իր կենսական շահերից:

  • Կիսվել: