չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, հնչելու է «քաղաքական հետապնդում» գնահատականը. Դավթյան

Որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, հնչելու է «քաղաքական հետապնդում» գնահատականը. Դավթյան

«Ես քաջ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, քաջ գիտակցում եմ նախաձեռնված գործընթացի նշանակությունը»,- այս մասին այսօր խոհրդարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորների ելույթներում հիմնականում  քաղաքական, էմոցիոնալ խոսք հնչեց և դրանով, ըստ նրա, փորձ արվեց, որ ինքը համարժեք արձագանքի. «Բայց ես հազարերորդ անգամ պետք է կրկնեմ՝ իմ մասնագիտական էթիկան թույլ չի տալիս գնալ այդ գայթակղության հետևից»։

Արթուր Դավթյանը նշեց, որ, ցավոք, այս գործընթացն ավելի շատ քաղաքական է։ «Երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը: Բայց միևնույն է, ես իմ անունից եմ ասում, որ միշտ գործել և գործելու եմ օրենքով սահմանված կարգով, օրենքի պահանջին համապատասխան, իսկ օրենքի առջև հավասար են բոլորը, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության»,- ասաց գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ իր ներկայացրած միջնորդությունը մաքուր իրավական փաստաթուղթ էր, ապացույցների թվարկումով, որը պետք է հնարավորություն տա ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի իր խղճի մտոք հետևություն անել՝ միջնորդությունը հիմնավո՞ր է, թե՞ ոչ։

«Միջնորդությունը բացառապես իրավական փաստաթուղթ է, իմ համար սա բացառապես իրավական գործընթաց է»,- հավելեց նա։

Խոսելով նախաքննական նյութերի արտահոսքի մասին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ ցանկացած ապօրինի արտահոսքի դեպքով քրեական վարույթ կիրականացվի և բոլորն այդ մասին տեղյակ կլինեն։

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին. «Ես ուզում եմ իմ ցավը արտահայտել, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վիրավորախառն վարքագիծը ավանդականություն ունի: Կարծում եմ՝ և պատգամավորը, և նրա գործընկերները սրա մասին պետք է մտածեն»։

Ինչ վերաբերում է Ն. Զոհրաբյանի մատնանշած իր հեռախոսային զրույցների հրապարակման փաստին, ապա Արթուր Դավթյանն ասաց՝ կրկին պատգամավորի պահանջով, խոստանում է, որ այդ խոսակցությունների և ձևական, և բովանդակային կողմը լինելու է բացառիկ հրապարակային: «Հանրությունը տեղեկանալու է դրա բոլոր հանգամանքների մասին»,-հայտնեց գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանը միաժամանակ մեջբերեց իրավապահների տարածած հաղորդագրության այն հատվածը, որտեղ ներկայացված է Նաիրա Զոհրաբյանը խոսքը. «Պարզվեց՝ առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ն ձեն չունի, պետք է ճշմարտության երեսին նայենք: Սրա վերաբերյալ տիկին Զոհրաբյանը հարցադրումներ է արել, թե որքանով է իրավաչափ այս տեղեկությունները ձեռք բերելը և հրապարակելը: Բայց սա իրականություն է, թե իրականություն չէ, ես որևէ փաստարկում չտեսա»։

Նրա խոսքով՝ պատգամավորներն իրենց գործելաոճով, իրենց աշխատանքով պետք է իրենց սահմանների մեջ մնան և իրականացնեն բացառապես օրենքով նախատեսված իրենց գործառույթները:

«Անվստահության գործընթաց եք ուզում նախաձեռնել, նախաձեռնեիք երեկ, այսօր, վաղը, բայց Ձեր խոսքում չանցնեք սահմանները»,- նշեց Արթուր Դավթյանը։

Այնուհետև դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանին՝ գլխավոր դատախազն ասաց. «Պարոն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք»։

Իր ելույթի վերջում Արթուր Դավթյանը հորդորեց ԱԺ պատգամավորներին համաձայնություն տալ ներկայացված միջնորդությանը։

«Դա հնարավորություն կտա պարոն Ծառուկյանին համապատասխան դատավարական կարգավիճակ տալով՝ նրան ներգրավելով քրեադատավարական գործընթացի մեջ, իրականացնել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն, որը, բնականաբար, կլինի առավելագույնս հրապարակային ինչպես ընթացքով, այնպես էլ իր արդյունքներով»,- ընդգծեց Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: