ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ԼՂ հարցում ձեր դիրքորոշման համար. Խաչատուրյանը՝ Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ԼՂ հարցում ձեր դիրքորոշման համար. Խաչատուրյանը՝ Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում:

«Անկախություն ձեռք բերելուց հետո, մենք միշտ զգացել ենք Սլովակիայի աջակցությունը: Մենք այս տարի նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և դա լավ առիթ է՝ մեր համագործակցությունն առավել ընդլայնելու մասին մտածելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Լեռանային Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշման համար. այն հայտարարությունները, որ ընդունվել են ձեր խորհրդարանի կողմից աջակցություն են եղել մեզ համար, և հույս ենք հայտնում, որ դա կշարունակվի հետագայում ևս:

Դուք մեծ աշխատանք եք կատարել նաև ԵՄ Խորհրդի որոշման կայացման գործում՝ Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար: Սլովակիան այն վեց երկրներից մեկն էր, որը նախաձեռնեց և այդ խնդրով դիմեց ԵՄ բարձր ներկայացուցչին»:

Մարիան Քերին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի և Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է: Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում:

Մենք երեկ այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, և շատ հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը 2004 թվականին դատապարտել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2020 թվականին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և նաև հասավ մինչև Հայաստանի սահմաններ: Այդ իսկ պատճառով մենք 2020-2021 թթ. մեր Ազգային ժողովում ընդունեցինք բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից իրականացրած այդ քայլերը»:

Հանդիպման ընթացքում Մարիան Քերին իր խոսքում ասել է, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին և շեշտել հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև քաղաքական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

  • Կիսվել: