շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բուլղարիայում ՀՀ դեսպանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևին Երախտագիտության մեդալ է փոխանցել

Բուլղարիայում ՀՀ դեսպանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևին Երախտագիտության մեդալ է փոխանցել

2022 թ. փետրվարի 12-ին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևին է փոխանցել Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալը: Այդ մասին հայտնում են Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպան Եդիգարյանը շնորհավորելով Ա.Կովատչևին՝ նշել է, որ շատ բարձր է գնահատում վերջինիս ներդրումը՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ և հաջողություններ մաղթել գործունեությունում՝ ի շահ նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման:

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ Ա.Կովատչևը նշել է, որ Հայաստանը և Բուլղարիան ամուր կապերով կապված են, և պետք է շարունակել այդ հարաբերությունների ամրապնդումը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուլղար և հայ հյուրեր, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

  • Կիսվել: