ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բրյուսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

Բրյուսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

Բրյուսելի Սբ․Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և  Միշու Հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոզը, Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, բելգիացի քաղաքական, հասարակական գործիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր խոսքում նշեց, որ 2020 թվականից ի վեր ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց Ցեղասպանության հիշատակման օրն է, այլև Լեռնային Ղարաբաղում և արցախահայության հետ պատահածի մասին բարձրաձայնելու առիթ։ Ռոբերտ Ունուսյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ֆոնին վերջինի պահվածը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ նրանք խաղաղության օրակարգ չունեն։ 

Դեսպան Բալայանն իր ելույթում անդրադարձավ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և ընդգծեց 2015թ․ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ի՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր ամրագրելու, ինչպես նաև 2024թ. ապրիլին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման կարևորությունը։ 

Դեսպան Բալայան կարևորեց անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը՝ քայլեր ձեռնարկելով, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն:

Ելույթներով հանդես եկան նաև Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաեգդը։ 

Միջոցառմանը ներկա դիվանագետները, կազմակերպությունների ղեկավարները՝ ի նշան հարգանքի, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։  

Խաչքարի մոտ ոգեկոչման արարողությունից հետո Բելգիայի հայ համայնքի անդամները բողոքի ակցիա իրականացրեցին Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մոտ։  

 

  • Կիսվել: