կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բրյուսելում կայացել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը

Բրյուսելում կայացել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը

Բրյուսելում կայացել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը:
 
Փակման միջոցառմանը և ղեկավար կոմիտեի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Անի Խաչատուրյանը:
 
Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը:
 
«ԵՄ կլիմայի համար» ծրագրի նպատակն էր/է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի (Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) իրականացնել Փարիզյան համաձայնագրի ներքո իրենց հանձնառությունները և բարելավել կլիմայական քաղաքականությունը և օրենսդրությունը։
 
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, բյուջեն՝ 8.8 միլիոն եվրո:
Միջոցառման նպատակն էր ամփոփել ծրագրի հիմնական ձեռքբերումները և 2019-2023 թվականների ընթացքում քաղված դասերը:
 
Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը ներկայացրել է Հայաստանի կլիմայական քաղաքականության շրջանակը, հիմնական ձեռքբերումները, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության նախագիծը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում կլիմայական օրակարգի ազգային օրենսդրության իրավական կարգավորումները, ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրության հետ:
 
Ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ներկայացրել է ծրագրի ներքո իրականացված հանրային միջոցառումները:
Ծրագրի շրջանակներում կլիմայական օրակարգի ձևավորման և իրականացման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման նպատակով տրամադրված աջակցության համար երախտագիտական խոսքով հանդես է եկել միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Անի Խաչատուրյանը:

  • Կիսվել: