ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բրյուսելում բեկումնային առաջընթաց չեն ակնկալում. որոշ մանրամասներ շաբաթավերջին նախատեսված եռակողմ բանակցություններից

Բրյուսելում բեկումնային առաջընթաց չեն ակնկալում. որոշ մանրամասներ շաբաթավերջին նախատեսված եռակողմ բանակցություններից

«Ազատությանը» որոշ մանրամասներ են ի հայտ դարձել այս շաբաթավերջին Բրյուսելում նախատեսված բանակցություններից․ ըստ այդմ, Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի վարչապետի հետ կհանդիպի շաբաթ օրը երեկոյան, կիրակի առավոտյան առանձնազրույց կունենա Ալիևի հետ, իսկ եռակողմ հանդիպումը կմեկնարկի կիրակի՝ կեսօրն անց։

Կարևորելով առաջիկա հանդիպումը՝ Բրյուսելում միաժամանակ ընդգծում են, որ բեկումնային առաջընթաց չեն ակնկալում։

«Կարծում եմ՝ մենք պետք է համեստ լինենք ակնկալիքներում, թե կիրակի երեկոյան կարող է խաղաղության համապարփակ փաստաթուղթ ստորագրվել։ Դրա համար դեռ երկար ժամանակ և աշխատանք կպահանջվի», - «Ազատությանն» ասաց եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով։

Եվրոպացի պաշտոնյան միաժամանակ ընդգծում է՝ սա լավ հնարավորություն է՝ հասկանալու՝ ուր են հասել կողմերը և ինչ կարելի է անել բանակցություններն ակտիվացնելու համար:

Հարցին, թե հնարավո՞ր է բանակցել, երբ տեղում կողմերը կրկին զենք են կիրառում, կա զոհ ու վիրավորներ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ հրադադարի այդ խախտումները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե որքան կարևոր է ունենալ ձևաչափ, որտեղ հարաբերությունների կարգավորման բոլոր դիտանկյունները կարող են քննարկվել։

Եվրամիության պաշտոնյաներն ընդգծում են՝ կողմերը համաձայնել են հանդիպել բրյուսելյան ձևաչափով այնքան, որքան անհրաժեշտ կլինի․ սա Բրյուսելում կարևոր առաջընթաց են համարում, քանի որ փաստացի այս ձևաչափով բանակցությունները փակուղի էին մտել մոտ կես տարի առաջ։

Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ. ևս մեկն էլ նախատեսված էր դեկտեմբերին, սակայն Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե հայկական կողմը պահանջում է պահպանել այդ քառակողմ ձևաչափը, ինչին ինքը դեմ է:

«Ֆրանսիան ապացուցել է, որ հակաադրբեջանական դիրքորոշում ունի և չի կարող չեզոք միջնորդ լինել», - ասել էր նա։

Հայաստանն, իր հերթին, հակադարձել էր, թե Պրահայի հանդիպումը եղել է քառակողմ, հենց այնտեղ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, և «տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»:

Ամիսներ շարունակ, ինչպես դիվանագիտական աղբյուրներն են նշում, Երևանը պնդում էր Մակրոնի մասնակցության անհրաժեշտությունը, Ալիևը՝ մերժում, Բրյուսելն էլ փորձում էր կողմերի համար ընդունելի տարբերակ գտնել։ Արդյունքում, հայկական կողմը համաձայնել է հանդիպել եռակողմ ձևաչափով, ինչպես Բաքուն էր պահանջում։ Մյուս կողմից, հայտարարվել էր, որ դրանից հետո ևս մեկ հանդիպում էլ կլինի հունիսի 1-ին՝ Քիշնեևում, ընդ որում, ոչ միայն Մակրոնի, այլև՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ։ Երեկ, սակայն, Բաքուն հայտարարեց, թե այդ հանդիպմանն Ալիևը կարող է և չմասնակցել, իսկ եթե մասնակցի, ապա՝ պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։

 

«Սակայն, վերջնական համաձայնություն առայժմ չենք տվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել», - երեկ ասել էր արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։

Հայտարարությունից ժամեր անց Բրյուսելից հիշեցրին՝ Բաքուն տվել է համաձայնություն։

«Բոլոր կողմերի հետ շփումներից հետո մենք հաստատեցինք, որ կա այդ հանդիպումներն անցկացնելու քաղաքական հանձնառություն, և մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը», - «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։

Բաքուն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել:

Հայաստանի փոխարտգործնախարար Պարուր Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է, թե պաշտոնական Երևանի համար կարևոր է գործընթացն առաջ տանելու հարցը, ոչ թե ձևաչափը:

Ի դեպ, եվրոպացի դիվանագետները նշում են, որ Ալիևի և Փաշինյանի հետ բանակցությունները հյուրընկալելուց առաջ ակտիվ շփումների մեջ են եղել Միացյալ Նահանգների հետ և տեղյակ են այնտեղ տեղի ունեցած բանակցությունների մանրամասներին։ Մյուս կողմից, նշվում է, որ Շառլ Միշելի սկսած այս գործընթացը մշտապես եղել է Թուրքիայի ուշադրության կենտրոնում։

«Որքան մեծ լինի առաջընթացը, որ կտեսնի Ադրբեջանը Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այնքան մեծ կլինի հնարավորությունը զուգահեռ գործընթացի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար», - ասել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

 

  • Կիսվել: