հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բրիտանիայի չորս պատգամավոր «դատապարտում են Հայաստանի վերջին օրերի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ». նախագիծ

Բրիտանիայի չորս պատգամավոր «դատապարտում են Հայաստանի վերջին օրերի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ». նախագիծ

Բրիտանիայի Ներկայացուցիչների պալատի չորս պատգամավորներ մի նախագիծ են հեղինակել, որով «դատապարտում են Հայաստանի վերջին օրերի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ»:

Նախագծում, մասնավորապես, ասվում է.

«Հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտը, որը բերեց հետագա էսկալացիայի, սկսվեց սույն թվականի հուլիսի 12-ին Հայաստանի նախահարձակ գործողությունների պատճառով»:

Ըստ նախագծի հեղինակների, երկու երկրների միջև հակամարտության պատճառը արցախյան հիմնախնդիրն է.

«Հակամարտության հիմնաքարը այն է, որ հայկական զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի ռեգիոնը և հարակից մի քանի շրջաններ»:

Ըստ բրիտանացի պատգամավորների,  90-ականների սկզբներին հակամարտությունը խլեց շուրջ 30 հազար կյանքեր, իսկ ավելի քան 1 մլն մարդ դարձան ներքին տեղահանվածներ:

Ուստի բրիտանացի պատգամավորները կոչ են անում Միացյալ Թագավորության կառավարությանը դատապարտել «Հայաստանի վերջին օրերի ագրեսիան Ադրբեջանի հանդեպ, որը լրջորեն խոչընդոտում է խաղաղ գործընթացին, ոտնահարում միջազգային իրավական նորմերը, ինչպես նաև խախտում 1994 թվականի հրադադարի ռեժիմը»:

Պատգամավորները նաև կոչ են անում հայրենի կառավարությանը աջակցել Մինսկի խմբի համանախագահներին՝ հետաքննել երկու երկրների սահմանին տեղի ունեցող գործողությունները, որոնք կարող են բերել լայնամասշտաբ պատերազմի:

Չբավարարվելով այսքանով` բրիտանացի լոբիստները հորդորում են Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ անել Հայաստանին «դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես նշված է ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևի մեջ»:

  • Կիսվել: