Բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Հայկական կողմը հույս ունի, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում կցուցաբերի, և բանակցություններն ու հանդիպումները կշարունակվեն։ Այս մասին հունվարի 10-ին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականի ավարտը նշանավորվել է Բաքվի՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելով։ Այսպիսով, Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հանդիպել Գրանադայում և Բրյուսելում։ Միաժամանակ ոչ պաշտոնական շփումներ են եղել Թեհրանում արտգործնախարարների մակարդակով և Անվտանգության խորհուրդների մակարդակով։
«Միևնույն ժամանակ, ոչ կառուցողական մթնոլորտում մենք տեսանք կառուցողական քայլեր Բաքվից, օրինակ՝ գերիների ազատ արձակման հարցում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կողմերը փոխանակել են խաղաղության պայմանագրի առաջարկներ։
«Հունվարի 4-ին մենք փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները։ Ես կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց՝ տեքստի որոշ մասերով, և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։ Շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա, ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են։ Անկախ նրանից, թե տվյալ հերթական առաջարկի որևէ մի հոդվածն առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Նախարարն ասաց, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն։
«Որևէ անորոշություն մեծ հիմք և պարարտ հող է հետագա ագրեսիաների և էսկալացիաների համար։ Եթե խաղաղություն ենք հաստատում, ապա այնպիսի խաղաղություն ենք հաստատում, որով հիմքեր չեն դրվի հետագա էսկալացիայի համար»