Բոլորը ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր էդ մանդատն ունենան, մեր նպատակը Փաշինյանին հեռացնելն է
Բոլորը ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր էդ մանդատն ունենան, մեր նպատակը Փաշինյանին հեռացնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Բոլորը անցնելու են ԱԱԾ մեկուսարանով նոր այդ մանդատը ունենան։ Հանգիստ եղեք, ոչ մի լավ բան չի տալիս, մենք այդ աշխատավարձի կարիքը չունենք, մեր հիմնական կարիքը այս մարդուն փոխելն է: Բոլոր մարդիկ, ովքեր ցուցակով մանդատների ձևաչափի մեջ են, այսինքն, անցնում են Ազգային ժողով, իրենք բոլորը բռնաճնշումների տակ են լինելու»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ կուսակցությունը պատրաստ է հանդիպել բոլոր ցանկացող քաղաքացիների հետ և չի ցանկանում որևէ որոշում կայացնել փակ դռների հետևում։
«Ով ցանկություն ունի և մեզ վստահություն է տվել, կարող է գալ, քննարկել մեզ հետ։ Մենք չենք ցանկանում փակ դռների հետևում որոշումներ կայացնել։ Այսօր արդեն ունեցել ենք բավականին թեժ, հետաքրքիր և ինտենսիվ հանդիպում մեր համակիրների հետ, և առաջիկայում ևս նման հանդիպումներ կլինեն»,- նշեց նա։
Կարապետյանը հավելեց, որ Հայաստանում իշխանությանը հեռացնելու մի տարբերակ կա․ ամենաէֆեկտիվը դա փողոցի և օրենսդրի համակեցությունն է․ «Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, իսկ օրենսդիրում զրո ընդդիմադիր, ապա փոփոխությունը գրեթե անհնար է լինելու, եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր, իսկ փողոցում զրո մարդ, հնարավոր է այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց լինի։ Այդ իսկ պատճառով Հայաստանում փոփոխությունը կարա լինի ճանապարհային պարզ քարտեզով՝ փողոցը ապահովում է երկրում իրավիճակը, իսկ օրենսդիրը ընդունում է ճիշտ որոշում»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.



