հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բոլորս պիտի գնանք և մեր խոսքն ասենք նոր Սահմանադրությանը. Արշակյան

Բոլորս պիտի գնանք և մեր խոսքն ասենք նոր Սահմանադրությանը. Արշակյան

Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներն անլուրջ օրակարգ են: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ նման քաղաքական օրակարգ չկա. «Զբաղմունք են գտել, զբաղվում են»:

Արշակյանն անդրադարձել է նաև Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակման անհրաժեշտությանը, որի մասին սեպտեմբերի 20-ի ՔՊ կուսակցության համաժողովում հայտարարել էր վարչապետը:

«Դրա քաղաքական քննարկումները Ազգային ժողովից են մեկնարկել՝ վարչապետի համապատասխան հայտարարություններով, նոր Սահմանադրության վերաբերյալ գնահատականներով: Ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը Սահմանադրության համար, ըստ էության, ընտրության վստահելի պրոցես չի եղել, և մեզ անհրաժեշտ է, որպեսզի լայն հասարակությունը մասնակցի Սահմանադրության հանրաքվեին և իր քվեն տա այն սահմանադրական օրենսդրությանը, որով ինքը ցանկանում է ապրել Հայաստանում։ Այսինքն՝ ինքը իր սեփականը համարի Հայաստանի Հանրապետությունը իր օրենսդրական հիմքով։ Սա է, որի մասին, եթե կարճ լինենք, ազդարարվում է համաժողովի ընթացքում, և սրա մասին խոսվել է Ազգային ժողովում, և ես կարծում եմ, որ այս մասով նույնպես ընկալում կա, բայց նաև ուզում եմ ձեզ, նաև հանրության հետ կոմունիկացիա պահող լրատվամիջոցներին խնդրել, որպեսզի սա դառնա, իսկապես, հանրության քննարկման առարկա մինչև Սահմանադրության վերաբերյալ ընտրությունները, որովհետև սա մեր բոլորի հարցն է, մենք բոլորս պիտի գնանք և մեր խոսքը ասենք նոր Սահմանադրությանը և դրանով սեփականաշնորհենք ևս մեկ անգամ մեր պետությունը և ազդարարենք չորրորդ հանրապետությունը։

Ինչո՞վ է տարբերվելու չորրորդ հանրապետությունը. տարբերվելու՝ էականորեն, տեսանելի մակարդակում երրորդ հանրապետությունից։ Գիտե՞ք, եթե մենք, օրինակ, իրար հետ շփվում ենք, մենք ապրում ենք նույն երկրում, նույն պետության մեջ, մենք պետք է ունենանք էն հիմքը, որը թույլ է տալիս իրար հետ հաղորդակցվելու, էդ հիմքը՝ Սահմանադրությունը, կանոնները, նաև հասարակական կարգը, ամեն ինչ, այսինքն՝ մենք իրար, քաղաքացիությունը, մենք իրար հետ պետք է այդ պայմանագիրը ունենանք։ Եթե, օրինակ՝ էդ պայմանագրի վերաբերյալ, ընտրությունների վերաբերյալ հարցեր կան, այսինքն, պարզ է, չէ՞, որ, ասենք, վստահելի չեն էդ ընտրության արդյունքները, եթե հարցեր կան, հարցեր կան նաև մեր հարաբերությունների մեջ, և եթե մենք բոլորս ուզում ենք իրար հետ հարաբերվենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, դա իրականում, ըստ էության, մեծ քայլ է, և հենց էդ քայլը, որ բնորոշվում է որպես չորրորդ հանրապետություն»,-նշել է Արշակյանը:

 

  • Կիսվել: