ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլոր նվիրատուներին դնում ենք կոռուպցիոն ռիսկային թիմի մեջ. Քննարկում ԱԺ-ում

Բոլոր նվիրատուներին դնում ենք կոռուպցիոն ռիսկային թիմի մեջ. Քննարկում ԱԺ-ում

«Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում, չի աշխատելու։ Այս կարծիքն այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքում, որոնց նպատակն է կարգավորել համայնքներին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարած նվիրատավություների գործընթացը:

Նշենք նաև, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխել է կամազների հայտնի դեպքից:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե որևէ մեկը ցանկանա «կամազներ» նվիրի» Երևանի քաղաքապետարանին, էլի դա կարող է անել, քաղաքապետարանը կարող է, իհարկե, նվերից հրաժարվել:

 «Նվիրատվությունը միակողմանի գործընթաց կարող է լինել։ Եթե ես միակողմանի նվիրաբերում եմ, էս օրենքն ընդունեցիք, ինչպե՞ս է ավագանին մինչև իմ նվիրաբերության գործարք կատարելը, որոշում կայացնելու՝ ես փոխանցում կատարե՞մ, թե՞ ոչ։ Նվիրաբերությունից հետո, այդ թվում՝ նաև համայնքը կարա հրաժարվի այդ գործարքից։ Ինչո՞ւ է այդ կարգավորումը տված, որովհետև կա միակողմանի գործարք կատարելու հնարավորություն, այդ դեպքում անհրաժետ է քաղաքացիական օրենսդրությունն ամբողջությամբ փոխել ու ասել, որ նվիրատվությունը չի կարող միակողմանի գործարք լինել, և նոր օրենքի նախագիծը կաշխատի», - ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց. «Դահլիճում որոշում ենք Երևանին նվիրել գումար կամ կամազներ, դուք ի՞նչ եք անելու, ոչ մի բան չեք կարող այս օրենքով անել, որովհետև գործարքն իմ նվիրաբերելուց հետո ավարտվում է, չի գործելու այս օրենքը, քաղաքացիական օրենսգիրքն է գործելու, որտեղ ասում է՝ ընդամենը կարող եք հրաժարվել»։

ԲՀ խմբակցության պատագամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց պնդման հետ՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչ խնդիր կարող է առաջացնել նվիրատվության ընթացքն ավագանիով անցկացնելու հարցը։

«Այն, ինչ դուք ասում եք, պարոն Բաղդասարյան, օրենքից չի բխում, դուք ստեղծագործական աշխատանքով եք զբաղվել», - ասաց Բագրատյանը։

Միաժամանակ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում, սահմանապահ համայնքները հաճախ ստանում են նվիրատվություններ, և նվիրատուն չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի: «Նվիրատուն գտնում է, որ այս իրավիճակում կոնֆլիկտի կողմ չի ցանկանում լինել: Այն երկիրը, որտեղից այդ նվիրատվությունը կազմակերպում է տվյալ ընկերության սեփականատերը, չի ցանկանում, որ այդ տեղեկատվությունը հրապարակվի, քանի որ տվյալ երկիրը կոնֆլիկտի հետ կապված չեզոքություն է պահպանում: Հետևաբար, տվյալ երկրներից որոշակի նվիրատվությունները, որոնք պաշտպանական նպատականերով են իրականացվում, պետք է պաշտպանվի մեր օրենսդրությամբ, այն է՝ պետք է գաղտնի լինի»։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն էլ կարծում է, որ առաջարկվող նախագծի դրույթները չեն գործի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ նկատեց, որ երբ հարցրել են՝ այս օրենքի իմաստը ո՞րն է, պատասխանել են, թե «պայքարում ենք կոռուպցիայի դեմ». «Կոռուպցիան այդտեղ չէ, նվիրատվությունների մեջ չէ: Մենք բոլոր նվիրատուներին դնում ենք կոռուպցիոն ռիսկային թիմի մեջ»:

  • Կիսվել: