ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բոլոր բանակցային հարթակներում ՀՀ-ի բանակցողները խոսում են ԼՂ հայության իրավունքների ապահովման մասին․ Խանդանյան

Բոլոր բանակցային հարթակներում ՀՀ-ի բանակցողները խոսում են ԼՂ հայության իրավունքների ապահովման մասին․ Խանդանյան

Բոլոր բանակցային հարթակներում Հայաստանի բանակցողները խոսում և քննարկում են ԼՀ հայության իրավունքների և անվտանգության ապահովման և հասցեագրման թեմաների մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Այս բանակցությունների բովանդակության և նյուանսների մասին տեղյակ են լինում Լեռնային Ղարաբաղի նախագահն ու իշխանությունները, ուստի այստեղ որևէ կերպ չի կարող կասկածի տեղ տալ, թե արդյո՞ք Հայաստանի բանակցողները խոսելու ու բանակցելու են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Արցախից հնչող հայտարարություններն ու կոչերը տրամաբանական են, որովհետև մարդիկ արդեն ավելի քան 4 ամիս է գտնվում են շրջափակման մեջ։

«Նրանց հումանիտար խնդիրները պետք է օր առաջ լուծվեն և պատասխանուտները, որոնք պետք է ապահովեն մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն։ Եվ ոչ միայն այս օրերին․ 30 տարուց ավելի է ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է՝ լինելով կոնֆլիկտի մեջ, և մենք ակնկալում ենք, որ այս հակամարտությունն օր առաջ կլուծվի», - հավելեց նա։

Լրագրողի հարցին, թե ամերիկյան կողմը խոսում էր բանակցություններում առաջընթացի մասին, ինչ առաջընթացի մասին է խոսքը, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, արդյոք բարձրաձայնվե՞լ է Արցախի ինքնորոշման հարցի մասին, նա նշեց․ «Առաջընթացի կամ բանակցությունների բովանդակության վերաբերյալ այս պահին շատ ասելիք չունեմ, որովհետև դրանք ընթանում են, այսօր շարունակվելու են։ Կարծես թե՝ արդեն այսօր ավարտվում են ամերիկյան բանակցությունները։ Բանակցողները կվերադառնան և կխոսեն առաջընթացի մասին։ Ինչ վերաբերում է ԼՂ հարցի արծարծմանը, եթե ընթերցել եք երեկվա տարածած հաղորդագրությունը՝ ՀՀ ԱԳ  նախարարը բարձրաձայնել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության  հասցեագրման հարցը, իսկ ինքնորոշման իրավունքի հարցը մեր հանրային քաղաքական դաշտում արդեն մի քանի ամիս է ընթանում է և այս  մասին վարչապետը բավականին մանրամասն խոսել է վերջերս։ Այս պահին պետք է արձանագրենք այսօրվա խնդիրը, որը ԼՂ հայության անվտանգության  և իրավունքների խնդիրն է և պետք է առաջ շարժվենք դրանք հասցեագրելու  ուղղությամբ»,- Խանդանյանը հիշեցրեց, որ փորձում են արդյունքի հասնել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ 

  • Կիսվել: