երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բլինքենի այսօրվա ուղերձը լավագույնս արտացոլում է Հայաստանի շահերի զուգահեռումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ Գրիգորյան

Բլինքենի այսօրվա ուղերձը լավագույնս արտացոլում է Հայաստանի շահերի զուգահեռումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ Գրիգորյան

Այսօր Բրյուսելում բարձր մակարդարկով կայացած հանդիպումը առանցքային իրադարձություն է մեր պետության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Գրանադայում վարչապետի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ ուրվագծվել էր այսօրվա հանդիպման օրակարգը՝ ունենալով տնտեսական եւ դիմակայունության շեշտադրում: Նշվածից առավել, սակայն, կարևորում եմ հանդիպման բացառիկ ձեւաչափն ու դրա քաղաքական կշիռը:

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը: Ուզում ենք, որպեսզի Հայաստանն իր տեղը զբաղեցնի իբրեւ ուժեղ, անկախ պետություն՝ իր հարեւանների հետ խաղաղության մեջ, կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ»՝ Բլինքենի այս ուղերձը լավագույնս արտացոլում է ՀՀ շահերի զուգահեռումը ԱՄՆ եւ ԵՄ հետ՝ իբրեւ իրավահավասար գործընկերոջ, որի հզորացմանը նպաստելը Արեւմուտքը համարում է իր օրակարգը:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության բովանդակությունը եւս գալիս է փաստելու, որ հանդիպումն ունի բացառապես ՀՀ դիմակայունությանն ու զարգացմանը միտված օրակարգ, ուղղված չէ որեւէ կողմի դեմ, ինչով եւս նպաստում է լարվածության աճի զսպմանը եւ ուղղակիորեն ծառայում մեր պետության որդեգրած խաղաղության օրակարգին»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումը:

Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։

  • Կիսվել: