ԲՀԿ-ն հանդես է գալու երկու նախաձեռնությամբ՝ ստեղծելու է քննիչ հանձնաժողով և դիմելու է ՍԴ
Հունիսի 5-ի ԲՀԿ նիստում Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո, ըստ էության, սկսվեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարություններ, որտեղ ոչ մի քաղաքական օրակարգ չկար, սպառնալիքներ էին պարունակում, որից հետո շարունակվեց արդեն քրեական հետապնդման աշխատանքները: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով՝ այս օրերի ընթացքում 1000-ից ավելի քաղաքացիներ, համախոհներ, համակիրներ, որոնք մտահոգ են այս իրավիճակով, եկել էին իրենց զորակցությունը հայտնելու իրենց՝ պահպանելով բոլոր պաշտպանիչ միջոցները, սակայն բերման են ենթարկել, անհամաչափ ուժ է կիրառվել:
«Հատկանշական է, որ երեկ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում եղավ, որտեղ խոչնդոտվում էր նաև լրագրողների աշխատանքը: Դրա բացատրությունները չենք կարողանում գտնել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը
Վահե Էնֆիաջյանը նշեց՝ Հայաստանում կորոնավիրուսի այս պայմաններում արձանագրում են, որ իրավիճակն օրեցօր վատթարանում է. «Մեկ անգամ չէ, որ խոսել ենք վիճակագրական տվյալներից։ Ոչ միայն տարածաշրջանում է մեր վիճակն անմխիթար, այլ առհասարակ աշխարհում: Եթե նայեք, ապա մեկ մլն բնակչության համամասնությամբ ամենավատ ցուցանիշն ենք արձանագրում: Մենք արդեն հարյուրավոր մահեր ունենք, դեպքեր ունենք, երբ քաղաքացիները դիմել են բուժհաստատություններ, բայց ծանրաբեռնվածության պատճառով չեն ընդունել և 2 մահ է արձանագրվել: Այսպիսի խնդիրները բազմաթիվ են և պատասխանատվության հարց կա»։
Նրա խոսքով՝ ԲՀԿ խմբակցությունը քննիչ հանձնաժողով է ձևավորելու և հանգամանալից քննարկում է իրականացնելու, որպեսզի այս ոլորտը ձախողած բոլոր մարդիկ ենթարկվեն պատասխանատվության և ներկայացնեն իրական վիճակագրական տվյալներ։
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելեց, որ երկրորդ նախաձեռնությամբ խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքներ կազմակերպելու հետ կապված որոշման իրավաչափությունը:
«Նախ կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ ենք հանդես գալու: Եվ երկրորդը՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը։ Մենք կոչ ենք անում, որ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները միանան այս գործընթացին, որպեսզի ունենանք բավարար չափով ստորագրություններ թե քննիչ հանձնաժողով ստեղծելու, թե ՍԴ դիմելու համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ միգուցե իրենց ընդդիմախոսներն ասեն, որ դրա ժամանակը չէ, բայց, ըստ նրա, այլևս հապաղելու ժամանակ չունեն:
«Մենք պետք է պարզենք, թե արդյոք կառավարության և պարետատան կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ, ժամանակին, որովհետև շատ դեպքերում դրանից կախված են եղել թե վարակման տեմպերը, թե մահերի թիվը»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ի աջակիցները վերջին օրերին տասնյակներով խմբված էին իրար գլխի, արդյոք այդ ակցիաները վտանգավոր չեն հանրության առողջության համար, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք ոչ մի ակցիա չեն իրականացրել. «Իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սանձազերծման արդյունքում մեր համակիրները, հասարակ քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել են։ Մենք որևէ կոչ, հայտարարություն, հորդոր չենք հղել, որ մարդիկ հավաքվեն և ինչ-որ ակցիա իրականացնեն: Մեր ազգաբնակչության առողջությունը մեզ համար ամենակարևորն է»։
Իվետա Տոնոյանը նաև հստակեցրեց, որ 33 պատգամավորի ստորագրություն անհրաժեշտ է Քննիչ հանձնաժողով ձևավորելու համար և 27 ստորագրություն՝ ՍԴ դիմելու համար, հետևաբար անհրաժեշտ կլինի «Լուսավոր Հայաստանը» պատգամավորների աջակցությունը. «Ես կարծում եմ, որ այս գործընթացում մենք կունենանք ԼՀԿ-ի աջակցությունը»։


