ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս ամենը պետք է դաս լինի. ԲՀԿ հայտարարությունը՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

Այս ամենը պետք է դաս լինի. ԲՀԿ հայտարարությունը՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում:

Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն: Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ: Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար:

Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության:

  • Կիսվել: